2010 թվականի մարտի 25-ին Քեյթ եւ Դեվիդ Օգգերը երկվորյակներ են ունեցել: Աղջիկը՝ Էմիլին միանգամայն առողջ էր, իսկ տղան՝ Ջեյմին, մահացել է լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Ծնողները գրկել են նորածնին եւ, բժիշկների խոսքով, հրաշքով կենդանացրել նրան:

Երկվորյակները ժամկետից 14 շաբաթ շուտ են ծնվել եւ երբ բժիշկներն ասել են, որ տղան չի ապրի, ծնողները ամուր գրկել են նրան:

«Ես ուզում էի տեսնել նրան, ուզում էի գրկել, որ նա ճանաչի մեզ», - պատմում է Քեյթը: «Մենք համակերպվեցինք այն մտքի հետ, որ կորցնելու ենք երեխային, բայց ցանկանում էինք անցկացնել նրա հետ վերջին պահերը»:

Ծնողների գրկում երեխան հանկարծակի սկսել է լիարժեք շնչել եւ բժիշկները, նկատելով դա,  միանգամից սկսել են օգնություն ցուցաբերել փոքրիկին: Այսպես տղան ողջ է մնացել՝ չնայած նրան, որ ոչ ոք դրան չէր հավատում: Այս դեպքը, բժիշկների խոսքով, եւս մեկ անգամ ապացուցում է, ինչքան կարեւոր է երեխաների համար իրենց ծնողների կողքին լինելը եւ նրանց մաշկին դիպչելը:

Այսօր լրագրողները եւս մեկ անգամ անդրադարձել են այս պատմությանը՝ ցանկանալով պարզել, ինչպես են Օգգերը այժմ, եւ առողջ է արդյոք հրաշքով կենդանի մնացած փոքրիկը:

Այժմ երեխաները 5 տարեկան են, եւ ծնողները երբեմն կատակում են՝ ասելով, որ Ջեյմին երկու րոպե ավելի շուտ է ծնվել, քան քույրը, սակայն աղջիկը մի ամբողջ 5 րոպե ավել է ապրել: