Սրտի մեկ վիրահատության ընթացքում կարելի է ոչ միայն վերականգնել սրտի միտրալ փականը (պրոլապսի դեպքում), այլ նաեւ աբլյացիայի պրոցեդուրա անցկացնել, եթե հիվանդը տառապում է առիթմիայով, նշում են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները:

Վիրաբույժ Մարկ Գիլոնովի խոսքով՝ եթե հիվանդը միտրալ փականի վիրահատության կարիք ունի եւ եթե նա տառապում է առիթմիայով, ավելի արդյունավետ կլինի երկու պրոցեդուրաներն էլ միաժամանակ անցկացնել՝ մեկ վիրահատության ընթացքում:

Միտրալ փականի պրոլապսը հանդիպում է աշխարհի բնակչության մոտ երկու տոկոսի մոտ: Այս հիվանդության դեպքում երկու փականները սրտի աշխատանքի ընթացքում ավելորդ շարժումներ են անում եւ արյան մի մասը փականով հետ է անցնում:

Այս խանգարումով տառապող մարդիկ շատ հաճախ մշտական հոգնածություն են զգում, դժվարանում է նրանց շնչառությունը, սկսում են այտուցվել ոտքերը: Ամեն դեպքում՝ փականների աշխատանքից անկախ, պրոլապսի դեպքում հիվանդի կյանքի որակը բարելավելու համար երբեմն վիրահատության անհրաժեշտություն է առաջ գալիս՝ միջամտական կամ ոչ միջամտական:

Բժիշկ Գիլինովի խոսքով՝ միտրալ փականի պրոլապսով հիվանդների 30-35 տոկոսը նաեւ առիթմիա ունի:

Գիլիոնովն ու գործընկերները սրտանոթային հիվանդություններով տառապող 260 մարդ ներառող հետազոտություն են իրականացրել: Հիվանդների կեսի մոտ վիրահատվել էր սրտի միտրալ փականը, մյուս կեսին էլ միաժամանակ եւ այս վիրահատությունն էր իրականացվել, եւ աբլյացիան: 6 եւ 12 ամիս անց երկրորդ խմբի հիվանդների 63 տոկոսի մոտ առիթմիայի հետ կապված խնդիրներ այլեւս չկային, այնինչ առաջին խմբի հիվանդների միայն 29 տոկոսն էր ազատվել խնդիրներից:

Գիտնականները եկան այն եզրահանգման, որ երկու պրոցեդուրաների համակցումը անվտանգ է, արդյունավետ եւ ի զորու է բարելավել հիվանդի կյանքի որակը: