Հերթերը պոլիկլինիկայում սովորական երեւույթ է, սակայն վերջին օրերին դրանք մի քանի անգամ ավելի երկար են դարձել: Առաջին հայացքից թվում է, որ պատճառը քաղաքապետարանի կազմակերպած ակցիան է, որի շրջանակներում մարտի 9-ից ապրիլի 7-ը Երեւանի կանայք կարող են անվճար բուժօգնություն ստանալ եւ հետազոտվել:

Բայց գոյացած հերթերում կանանց հետ մեկտեղ նաեւ տղամարդիկ կան, իսկ որոշ կանայք հիշատակված ակցիայի մասին չեն էլ լսել: Հսկայական այս հերթերն էլ գոյացել են այն պատճառով, որ այն ժամանակաշրջանում, երբ իրականացվում է ակցիան, պետական շատ կազմակերպություններ պոլիկլինիկաներ են ուղեգրել իրենց աշխատակիցներին՝ սոցիալական ապահովագրության շրջանակներում բուժզննում անցնելու համար: Նշենք, որ պետական ծառայողները իրավունք ունեն հետազոտությունն անցնել տարվա ընթացքում ցանկացած հարմար ժամանակ՝ ըստ իրենց ցանկության: Կարելի էր, համենայնդեպս, սպասել մինչեւ քաղաքապետարանի ակցիայի ավարտը: Սակայն, ինչպես պարզվեց հերթում կանգնածների զրույցներին ունկնդրելուց հետո, մարդկանց բնավ էլ չեն հարցրել՝ հարմար է իրենց պոլիկլինիկա այցելել, թե ոչ:

Ինչպես նշեց մի տղամարդ, ով աշխատում է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, իրենց ասել են, որ, եթե աշխատակիցները բուժզննում չանցնեն մարտին, ընթացիկ տարվա համար ապահովագրություն չեն ստանա: Տղամարդն էլ ստիպված արդեն յոթերորդ օրն է՝ հերթ է կանգնած:

Հիշեցնենք, որ, ինչպես պարզաբանել են առողջապահության նախարարության ներկայացուցիչները այս հարցի առիթով վերջերս կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում, պարտադիր կանխարգելիչ բուժզննում սոցփաթեթի շահառուները կարող են անցնել տարվա ընթացքում իրենց հարմար ցանկացած ժամանակ, իսկ եթե ընթացիկ տարում նրանք դա չանեն, կզրկվեն հաջորդ՝ 2016 թվականի համար նախատեսված ապահովագրությունից: Իսկ ընթացիկ տարում այն ցանկացած պարագայում չի կարող ուժը կորցնել:  

Հերթում կանգնած մի ուսուցչուհի նշեց, որ տեղյակ է բուժզննման ժամկետներին, սակայն պոլիկլինիկաներից դպրոցների աշխատակիցներին կանչել են մարտի այս օրերին այն պատճառով, որ դպրոցներում արձակուրդ է: Պոլիկլինիկայի հերթերում անցկացնելով իր արձակուրդի առաջին օրը՝ տարակուսած կինը մտավախություն հայտնեց, որ ստիպված կլինի այդ կերպ անցկացնել ողջ արձակուրդը:

Իմ կողմից ավելացնեմ, որ թերապեւտին տեսնել հաջողվեց երկրորդ փորձից (առաջին անգամ բուժքույրը թերապեւտի հերթապահության ավարտից 40 րոպե առաջ խնդրեց այլեւս հերթ չզբաղեցնել):

Արյան անալիզներ հանձնել եւս հաջողվեց երկրորդ փորձից, իսկ էլեկտրասրտագրության կաբինետ մտնելու համար պահանջվեց երեք օր: Տեղամասային բժիշկը աշխատանքային վայրում անցկացնում է օրական ընդամենը երեք ժամ: Այս ընթացքում, հաշվի առնելով լրացման ենթակա փաստաթղթերի քանակը, նա ի վիճակի է ընդամենը 6-7 հիվանդ ընդունել: Անալիզներն ընդունվում են ընդամենը երկու ժամ, իսկ էլեկտրասրտագրության կաբինետը, թեպետ եւ աշխատում է 9.00-ից 17.00-ն, դրա թողունակությունն այդ ընթացքում 30-35 մարդ է կազմում: Ուսուցիչները այս ամենից, գուցե, չտուժեն, քանի որ արձակուրդի են: Ենթադրենք, որ հերթում կանգնածների զգալի մասը տնային տնտեսուհիներ են կամ թոշակառուներ: Եթե նույնիսկ այդպես է, անհրաժեշտ է հաշվի առնել, որ կան նաեւ աշխատող մարդիկ, որոնք չեն կարող մի քանի օր, օրական մի քանի ժամ հերթերում անցկացնել:

Ստեղծված իրավիճակը մեկնաբանելու մեր խնդրանքը քաղաքապետարանի առողջապահության վարչությունում զարմանք առաջացրեց: Ի՞նչ է եղել որ, ուսուցիչները արձակուրդի են, գնացել են պոլիկլինիկա: Իսկ մեր առարկությունը, որ նրանք իրենց կամքով չեն գնացել, այլ իրենց կանչել են, ուշադրության չարժանացավ: