Մենք հաճախ ենք լսում, որ, եթե գլխի կամ սրտի անոթները խցանվում են, դա, որպես կանոն, հանգեցնում է կաթվածի կամ ինսուլտի: Իսկ ինչու՞ է այդքան քիչ խոսվում մնացած անոթների մասին: Մի՞թե դրանք չեն խցանվում: 

Սրտաբան Կուրտիս Ռիմմերմանի խոսքով՝ խցանվել կարող է մարդու մարմնի ցանկացած անոթ, սակայն եթե դա տեղի է ունենում այլ օրգաններում, մարդը միշտ չէ, որ տեղյակ է լինում այդ մասին, իսկ ահա սրտի ու ուղեղի անոթների խցանումը հանգեցնում է մահվան, այդ իսկ պատճառով այդ անոթները միշտ ուշադրության կենտրոնում են:

Սրտաբանը նշել է նաեւ, որ, օրինակ, մոտավորապես 8 միլիոն ամերիկացի տառապում է պերիֆերիկ անոթների հիվանդություններով, որոնց դեպքում նեղանում են վերջույթները սնուցող անոթները: Այս մարդկանց մեծ մասը բացարձակապես անտեղյակ է իր հիվանդությունից:

Այս հիվանդությունների հիմնական պատճառը, ինչպես սրտի եւ ուղեղի անոթների խցանման դեպքում, անոթների պատերին առաջացած կուտակումներն են, որոնց պատճառով անոթները նեղանում են կամ ընդհանրապես փակվում: Եթե սա տեղի է ունենում ոտքի անոթների հետ, օրգանիզմը նոր անոթներ է ստեղծում՝ վերջույթի սնուցումը վերականգնելու համար: Իսկ սրտի կամ ուղեղի դեպքում դա սվորորաբար տեղի չի ունենում, քանի որ արյան շրջանառության խանգարումը պատճառ է դառնում հյուսվածքների քայքայման, իսկ սրտի կամ հյուսվածքների քայքայումը սովորաբար հանգեցնում է մահվան:

Իսկ ինչու՞ չեն խցանվում երակները

Սրտաբանի խոսքով՝ ի տարբերություն երակների՝ զարկերակներում արյան ճնշումը սովորաբար ավելի բարձր է, ինչի շնորհիվ խոլեստերինն ավելի հեշտ է կուտակվում անոթների պատերին: Երակներում ճնշումը բարձր չէ,  այդ պատճառով դրանք չեն խցանվում:

Հատկանշական է, որ շատ հաճախ վնասված զարկերակները վիրահատության ընթացքում փոխարինում են հենց հիվանդի օրգանիզմից վերցված խոշոր երակներով: Զարկերակի դերում հայտնված երակը նույնպես կարող է նեղանալ եւ խցանվել: