Դիաբետը վեր է ածվում գլոբալ համաճարակի, որից արդեն իսկ 400 միլիոն մարդ է տուժել: Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականների խոսքով՝ 20 տարի անց այս թիվը կաճի եւս 55 տոկոսով, եթե մարդկությունը չփոխի իր վերաբերմունքը ֆիզիկական վարժությունների եւ սննդակարգի նկատմամբ:
2013 թվականին դիաբետով հիվանդացել է 382 միլիոն մարդ: Այս մարդկանց մոտավորապես 10 տոկոսի մոտ առաջին տիպի դիաբետ է ախտորոշվել՝ աուտոիմունային խանգարում, որը սովորաբար նկատվում է արդեն վաղ մանկության տարիներին:
Իսկ մնացած 90 տոկոսը տառապում է երկրորդ տիպի դիաբետով: Այս հիվանդությունը հիմնականում անառողջ կենսակերպի եւ օրվա մեծ մասը նստած անցկացնելու հետեւանք է:
Քրոնիկ այս հիվանդությունը առավել արդիական է արագ զարգացող երկրներում: Այսպես, Չինաստանում եւ Հնդկաստանում չափահաս բնակչության գրեթե 10 տոկոսը տառապում է դիաբետով՝ այլ երկրներում 8.3 տոկոսի դիմաց: Հիվանդացության աճը այս երկրներում արագ ուրբանիզացիայի հետեւանք է, որին հետեւում են մարդկանց կենսակերպի փոփոխությունները:
Քաղաք տեղափոխվող մարդիկ սկսում են օրվա մեծ մասը նստած անցկացնել, նրանց սննդակարգը եւս առողջ չէ: Գիտնականները կարծում են, որ տարբեր երկրների իշխանությունները այս հիվանդության դեմ պայքարի կոորդինացված ծրագիր պետք է սկսեն: Դիաբետի տարածվածությունը ավելացնում է նաեւ առողջապահական ծախսերը՝ բացասաբար անդրադառնալով աշխատունակության վրա եւ տնտեսական զարգացման համար խոչընդոտ հանդիսանալով:






