Լիբերիայում, Սյերա Լեոնեում եւ Գվինեայում Էբոլայով վարակված ամեն 5-րդը երեխա է: Անցած տարվա հունվարից մինչեւ այսօր այս հիվանդությունից 5 հազար երեխա է մահացել: Այս մասին է ասվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) զեկույցում:

«Էբոլայով վարակված ամեն 5-րդը երեխա է: Մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում մահացության մակարդակը կազմում է 80 տոկոս: Դա նշանակում է, որ 5 վարակված երեխաներից 4-ը մահանում են: Մինչեւ 1 տարեկան երեխաների շրջանում էլ մահացության մակարդակը 95 տոկոս է կազմում», - նշվում է զեկույցում:

Ավելի քան 16 հազար երեխա Էբոլայի պատճառով միակողմանի կամ երկկրողմանի ծնողազուրկ է դարձել կամ էլ կորցրել է խնամակալին:

ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Լիբերիայի, Սյերա Լեոնեի եւ Գվիանեայի՝ Էբոլայով ախատահարված շրջաններում բնակվում է 9 միլիոն երեխա:

ԱՀԿ վերջին տվյալներով՝ Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 10 հազարը, վարակվել է 24 350 մարդ: Վերջին շրջանում Էբոլայով վարակման նոր դեպքերի քանակը զգալիորեն նվազել է, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ համաճարակը հաղթահարվում է: Գվինեայում, սակայն այս շաբաթ Էբոլայի 21 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների թվում են նաեւ տեղի հիվանդանոցի երեք բժիշկ: