Ոչ բոլոր խաղալիքներն են անվտանգ երեխաների համար: Որոշ խաղալիքներ վտանգավոր քիմիկատներ են պարունակում, որոշներն էլ անորակ են եւ կարող են կոտրվել՝ երեխային վնաս պատճառելով:
Իսկ ինչպե՞ս ընտրել երեխայի համար անվտանգ խաղալիք: Այս մասին կպատմեն մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն ու հոգեբան Դոնարա Խանոյանը:
Անվտանգ նյութեր
Առաջին հերթին պետք է ուշադրություն դրաձնել, ինչից է պատրաստված խաղալիքը: Աստղիկ Բաղդասարյանի խոսքով՝ որոշ պլաստիկներում պարունակվում է PVC նյութը, որը կարող է վնասակար լինել երեխաների համար, հատկապես եթե երեխան խաղալիքը բերանը տանի: Այս նյութն, ի դեպ, կարող է պարունակվել ոչ միայն խաղալիքներում, այլ նաեւ պլաստիկ սպասքի մեջ, այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս ծանոթանալ խաղալիքի կամ պլաստիկ ցանկացած իրի բաղադրության հետ նախքան այն գնելը:
Փափուկ խաղալիքներ
Որոշակի վտանգ իրենցից կարող են ներկայացնել նաեւ փափուկ խաղալիքները: Չնայած նրան, որ վնասակար քիմիկատներ դրանք սովորաբար չեն պարունակում, այդ խաղալիքների մեջ կարող են վտանգավոր տիզեր լինեն, որոնք էլ հատկապես ալերգիա ունեցող երեխաների մոտ կարող են որոշակի խնդիրներ առաջացնել: Կան նաեւ հատուկ նյութերից պատրաստված փափուկ խաղալիքներ, որոնց մեջ տիզեր չեն լինում, կան նաեւ այնպիսիք, որոնք կարելի է ենթարկել ջերմային մշակման: Այդսպիսի խաղալիքները, սակայն, «հասարակ» խաղալիքներից թանկ են:
Երեխայի տարիքը
Ինչպես նշեց Աստղիկ Բաղդասարյանը, նախընտրելի է այնպիսի խաղալիքներ գնել, որոնք համապատասխանում են երեխայի տարիքին: Պետք չէ փոքրիկներին, օրինակ, կոնստրուկտորներ գնել, որոնք նախատեսված են դպրոցականների համար: Երեխան կարող է կուլ տալ դրանց մասերից մեկը:
Ագրեսիվ խաղալիքներ
Խաղալիքները պետք է նպաստեն երեխայի զարգացմանը, այլ ոչ թե նրան ագրեսիվ դարձնեն: Այդ պատճառով, Դոնարա Խանոյանի խոսքով, պետք չէ երեխաներին ագրեսիվ խաղալիքներ գնել՝ օրինակ, դանակ: Խորհուրդ չի տրվում նաեւ չափից դուրս ներկված Բարբի գնել: Նմանատիպ խաղալիքները կարող են բացասաբար անդրադառնալ երեխայի հոգեբանության վրա:
Սկզբում պետք է լվանալ
Հոգեբանի խոսքով՝ ցանկացած խաղալիք երեխային տալուց առաջ պետք է լվանալ: Եթե խաղալիքն անորակ է, դա կերեւա այն լվանալու առաջին իսկ փորձի ժամանակ:






