Մեզ շրջապատող միջավայրում ամեն ինչ չէ, որ համապատասխանում է երեխաների կարիքներին եւ անվտանգ է նրանց համար, կարծում է «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի երեխաների համար անվտանգ միջավայրը: Ի՞նչն է մեր քաղաքին խանգարում երեխաների համար ավելի հարմարավետ լինել:
Մանկական սրճարաններ ու մանկապարտեզներ
Մանկական սրճարանները, մանկապարտեզներն ու այլ հաստատություններ երբեմն գտնվում են նկուղային կամ կիսանկուղային հարկերում: Այնտեղ խոնավ է, իսկ արեւի լույսը սովորաբար չի ներթափանցում, այնինչ այդ հաստատությունների տնօրենների աշխատասենյակները գտնվում են վերեւի հարկերում՝ լուսավոր սենյակներում: Սա ճիշտ չէ, կարծում է մասնագետը, քանի որ արեւի լույսը շատ կարեւոր է երեխաների համար:
Կահույք
Մանկական կահույքը չպետք է սուր ծայրեր ունենա, քանի որ երեխան կարող է վնասվածք ստանալ, կարծում է Արմեն Պողոսյանը: Սակայն մանկական կահույքի ոչ բոլոր արտադրողներն են հաշվի առնում այս փաստը:
Պոլիէթիլենային տոպրակներ
Պոլիէթիլենային տոպրակները, որոնց մեջ շատ հաճախ փաթաթում են խաղալիքները, պետք է պարտադիր կերպով անցքեր ունենան: Բանն այն է, որ շատ երեխաներ փորձում են իրենց գլխին հագցնել այս տոպրակները: Եթե դրանք անցքեր չունենան, երեխան կարող է խեղդվել:
Կոշիկ
Փոքրիկների համար նախատեսված կոշիկները պետք է բնական կաշվից պատրաստված լինեն, նշում է Արմեն Պողոսյանը: Սակայն այսօր շուկայում շատ հաճախ վաճառում են անհայտ ծագման հումքից պատրաստված մանկական կոշիկ:
Խաղալիքների սերտիֆիկատ
Խաղալիքների խանութներում պետք է լինեն համապատասխանության ու անվտանգության սերտիֆիկատներ, որոնք կվկայեն արտադրանքի որակի եւ, հետեւաբար, նաեւ անվտանգության մասին:
«Խաղալիքը հատուկ արտադրանք է, եւ վաճառել այն առանց սերտիֆիկատի՝ հանցագործություն է: Անպայման սերտիֆիկատ պահանջեք, իսկ եթե այն չկա, այլեւս մի օգտվեք տվյալ խանութի ծառայություններից», - նշում է Արմեն Պողոսյան:
Խաղալիքները մանկապարտեզներում
Շատ երեւանյան մանկապարտեզներում անորակ խաղալիքներ կան, որոնք անվտանգ չեն երեխաների համար, նշում է մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը: Այդ պատճառով ծնողները պետք է մանկապարտեզ ընտրեն՝ ուշադրություն դարձնելով այնտեղ եղած խաղալիքներին:






