Խաղալիքների արտաքին տեսքը պետք հնարավորինս մոտ լինի  բնօրիկանին, որպեսզի երեխաների մոտ ճիշտ պատկերացումներ ստեղծվեն արտաքին աշխարհի մասին, կարծում է հոգեբան Դոնարա Խանոյանը:

Նրա խոսքով՝ խաղերն անհրաժեշտ են երեխաների նորմալ հոգեբանական զարգացման համար, եւ ճիշտ ընտրված խաղալիքները նպաստում են դրան եւ լայնացնում երեխայի աշխարհապատկերը: Սակայն յուրաքանչյուր խաղալիք պետք է հնարավորինս նման լինի այն առարկային, որը երեխան կարող է տեսնել իրական կյանքում: Օրինակ, խաղալիք կովը պետք է նման լինի իսկականին, այլ ոչ թե վարդագույն լինի՝ աստղերով ու արհեստական թանկագին քարերով, քանի որ այդպիսի խաղալիքը կարող է սխալ  պատկերացում ստեղծել երեխայի մոտ արտաքին աշխարհի մասին:

Հոգեբանը նաեւ դեմ է արտահայտվում ագրեսիա առաջացնող խաղալիքներին: Խաղալիք դանակները, կացինները, հրեշները եւ այլն ոչ մի լավ ազդեցություն չեն կարող ունենալ երեխայի վրա: Եթե այդպիսի խաղալիքը հետաքրքրություն է առաջացնում երեխայի մոտ, այն կարելի է ցույց տալ, սակայն խաղալ այդպիսի խաղալիքի հետ, մասնագետի կարծիքով, պետք չէ: Բացառություն են, երեւի թե, խաղալիք հրեշները, եթե դրանք երեխայի մոտ ոչ թե ագրեսիա, այլ բարություն են առաջ բերում:

Հոգեբանը նշեց նաեւ, որ ծնողներից շատերը իրենց նորածին երեխաներին թանկարժեք խաղալիքներ են գնում՝ չմտածելով, որ դա միանգամայն անիմաստ է: Փոքրիկը չի կարող գնահատել այդ խաղալիքը: Այս տարիքում նրան անհրաժեշտ են ամենահասարակ «աղմկոտ» խաղալիքները, որոնց ձայները կարող են հանգստացնել երեխային եւ օգնել նրան քնել: Իսկ ահա ավելի «բարդ» խաղալիքներ գնելն իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ երեխան արդեն մեծացել է: