Մանկական խաղալիքների սերտիֆիկատները ավելի ճիշտ կլիներ ստուգել սահմանին, այլ ոչ թե այն բանից հետո, երբ դրանք հայտնվում են խանութներում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:
Այսօր, մասնագետի խոսքով, երբ խաղալիքները հատում են սահմանը, ստուգման են ենթարկվում միայն ֆինանսական փաստաթղթերը, իսկ սերտիֆիկատին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում: Սերտիֆիկատը պետք է լինի միայն այն ժամանակ, երբ խաղալիքները մուտք են գործում խանութներ, բայց այս մոտեցումը, իրավապաշտպանի պնդմամբ, իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում:
Իրավապաշտպանի խոսքով՝ այս համակարգի պայմաններում շուկան ու խաղալիքների որակը վերահսկել շատ դժվար է: Օրինակ, եթե Հայաստան անորակ լամպ մուտք գործի, որը պայթի առաջին անգամ գործարկվելուց հետո, շատ դժվար կլինի երկրի խանութներում փնտրել մնացած լամպերը: Նույնը վերաբերվում է նաեւ խաղալիքներին. եթե խնդիրներ ի հայտ գան, լուծել այդ խնդիրները բավականին դժվար կլինի: Հենց այդ պատճառով սերտիֆիկատները պետք է ստուգել հենց սահմանին: Դա թույլ կտա համոզվել, որ երկիր ներմուծվող խաղալիքը գոնե ունի անհրաժեշտ փաստաթղթեր՝ առ այն, թե ում կողմից է այն արտադրված եւ որ նորմերին է համապատասխանում:
Արմեն Պողոսյանը նշեց նաեւ, որ էկոնոմիկայի նախարարը ասել է, որ այդ համակարգը գործում է Դանիայում, եւ գործում է բավականին արդյունավետ: Բայց մասնագետի խոսքով՝ խնդիրն այն է, որ Հայաստանում դեռ վաղ է ներմուծել այդ համակարգը, քանի որ վերահսկման մեխանիզմները դեռեւս հեռու են կատրյալ լինելուց:






