Այսօր՝ մարտի 18-ին Երեւանում՝ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում, տեղի ունեցավ դեղագործական հումքի մշակման եւ արտադրության լաբորատորիաների համալիրի բացման պաշտոնական արարողությունը: Համալիրը հիմնադրվել է Հայաստանում շվեյցարական AZAD Pharmaceutical Ingredients AG ներդրումային ծրագրի շրջանակում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ:
Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն իր խոսքում նշեց, որ նախագիծը կնպաստի է հայկական դեղագործական արտադրության զարգացմանը, ինչպես նաեւ հայ դեղագործների համար ճանապարհ կբացի դեպի արտասահմանյան շուկա:
Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը նշեց, որ հիմնադրվող համալիրը զգալիորեն մեծացնում է Հայաստանի հնարավորությունները դեղագործական ոլորտում: «Լաբորատորիայի հիմնական նպատակը ժամանակակից պայմաններում դեղագործական հումք ստեղծելն է», - ընդգծեց նա:
AZAD Pharmaceutical Ingredients AG ընկերության Հայաստանյան մասնաճյուղի տարածաշրջանային տնօրեն Տիգրան Հախվերդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համալիրը բաղկացած է հինգ լաբորատորիաներից, որոնցից մեկը վերլուծական է, մնացած չորսը՝ արտադրական: Նախատեսվում է արտադրել բարձր արդյունավետության հումք, որն օգտագործվելու է նաեւ հակաքաղցկեղային դեղորայք արտադրելու համար:
«Այս փոքրիկ կենտրոնում հնարավոր է ստանալ ցանկացած տիպի դեղագործական հումքի փոքր քանակություններ», - նշեց նա՝ հավելելով, որ արտադրական ավելի մեծ ծավալները ապագայի հարց են: Կենտրոնի աշխատակիցների աշխատավարձը՝ AZAD ընկերության քաղաքականության համաձայն, 200 հազար դրամից ցածր չի կարող լինել:
Հայաստանի զարգացման հիմնադրամի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում դեղագործական հումքի արտադրության ծրագիրը, որը ներկայացնում է AZAD Pharmaceutical Ingredients AG ընկերությունը, նախատեսում է երեք փուլ՝ հետազոտական լաբորատորիայի բացում, գիտահետազոտական ծրագրերի իրականացում եւ արտադրության կազմակերպում:
Գերմանական արտադրության սարքավորումներով հագեցած լաբորատորիաների համալիրի բացումը առաջին փուլի ավարտն է:
Լաբորատորիաներում աշխատելու է 23 քիմիկոս: Հետագայում լաբորատորիաների թիվը նախատեսվում է հասցնել 15-ի, իսկ աշխատակիցներինը՝ 70-ի:
AZAD ընկերության ներդրումներն այս պահին կազմել են 1 միլիոն եվրո: Հաջորդ 5 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է պիլոտային ծրագիր իրականացնել եւ սկիզբ դնել Հայաստանում դեղագործական հումքի արտադրությանը, որը միակն է լինելու կովկասյան տարածաշրջանի երկրներում:
5 տարվա կտրվածքով ներդրումները կկազմեն 10 միլիոն եվրո:





