Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքում տեղակայված Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:
Այսօր կենտրոնում IBA Molecular ընկերության արտադրության «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնային արագացուցչի տեղադրմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին, զրուցեց շինարարների հետ:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման երկարաժամկետ ծրագիրն իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում նախատեսված է` ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի ստեղծում: Երկրորդ փուլում` արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծում, իսկ երրորդում` մասնավոր ներդրողի առկայության դեպքում նախատեսվում է մեկնարկել քիմիաթերապիայի եւ վիրաբուժական կենտրոնի ստեղծում՝ ներ եւ արտահիվանդանոցային ծառայություններով:
Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում կկատարվի ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում:
Կենտրոնը հագեցված կլինի ռադիոլոգիական եւ ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով, ըստ ցուցումների, իրականացվելու են ուռուցքի հայտնաբերման, դրանց տեղակայման եւ ծավալային չափերի, շրջակա հյուսվածքների ախտահարման աստիճանի վերաբերյալ ուսումնասիրություններ: Ռադիոզոտոպների արտադրության կենտրոնը կունենա ռադիոլոգիական ախտորոշման եւ ռադիոիզոտոպային ախտորոշման, այլ բաժանմունքներ: Նախատեսվում է, որ ուռուցքաբանության ոլորտում մասնագիտական այս կենտրոնը կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի բնակչությանը:






