Շատերին թվում է, որ միկրոինսուլտը շատ փոքր խնդիր է, եւ սարսափելի ոչինչ դրա մեջ չկա: Իրականում, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Ինչպես նշում են Ինսուլտի ամերիկյան ասոցիացիայի մասնագետները, միկրոինսուլտները ավելի ճիշտ կլիներ «նախազգուշացնող ինսուլտ» անվանել, եւ դրանք այնքան էլ անվտանգ չեն:

Եվ միկրոինսուլտը, եւ ինսուլտը տեղի են ունենում գլխուղեղի արյան շրջանառության խաթարման պատճառով: Որպես կանոն, պատճառը տրոմբն է:  Բալթիմորի Մերսի բժշկական կենտրոնի նյարդաբան Խոուի Ժենգի խոսքով՝ եւ միկրոինսուլտի, եւ ինսուլտի դեպքում ախտանիշները նույնն են: Դրանք են՝ հանկարծակի թուլությունը, վերջույթների թմրածությունը, խոսակցական բարդությունները, բալանսի ու կոորդինացիայի կորուստը, տեսողական խանգարումները եւ այլն:

Միակ տարբերությունը լիարժեք ինսուլտի եւ միկրոինսուլտի միջեւ այն է, որ միկրոինսուլտի դեպքում արյան շրջանառության խցանումը կարճատեւ է, եւ ժամանակի ընթացքում ախտանիշներն անցնում են: Սակայն միկրոինսուլտի հիմնական վտանգն այն է, որ այն կարող է լինել ինսուլտի նախաբանը: Բժիշկ Ժենգի խոսքով՝ ինսուլտի հավանականությունը շատ բարձր է միկրոինսուլտից հետո մի քանի ժամվա ընթացքում՝ հատկապես այն դեպքում, եթե մարդը տառապում է դիաբետով, սրտի որեւէ հիվանդությամբ կամ զարկերակային բարձր ճնշմամբ:  Ինսուլտի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ միկրոինսուլտ տարած ամեն 3-րդ մարդը մոտ մեկ տարվա ընթացքում նաեւ ինսուլտ է տանում:

Ավելի վաղ ընդունված էր կարծել, որ միկրոինսուլտը ուղեղին զգալի վնաս չի հասցնում, սակայն վերջերս Բիրմինհեմի համալսարանի մասնագետները պարզել են, որ միկրոինսուլտի պատճառով ի հայտ եկած կոգնիտիվ խանգարումները կարող են տարիներ տեւել:  Իս հետտրավմատիկ սթրեսը երբեմն կարող է բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա:

Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել միկրոինսուլտը (մանավանդ, որ Դուք ինքնուրույն չեք կարողանա տարբերել այն ինսուլտից) եւ դրա առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել հիվանդանոց, որտեղ բժիշկները ՀՏ-ի կամ ՄՌՏ-ի միջոցով կպարզեն, արդյոք ուղեղում տրոմբ կա: Դա կօգնի խուսափել ուղեղի լուրջ վնասվածքներից (հատկապես եթե այն, ինչ կատարվել է Ձեզ հետ, միկրոինսուլտ չէ, այլ ինսուլտ է) եւ հաշմանդամությունից: