Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը բժշկական օգնություն եւ սպասարկում է տրամադրել Հայոց ցեղասպանությունը վերապրած Երեւանի 8 բնակչի:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, համակարգող խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը համայցերի ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ է կատարել: Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրասրտագրության, ինչպես նաեւ արյան ընդհանուր եւ բիոքիմիական հետազոտության հիման վրա, ըստ բժշկական ցուցումների, նախարարության կողմից ականատես-վերապրածներին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր եւ բժշկական պարագաներ:
«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարական կազմակերպությունը եւս իր աջակցությունն է ցուցաբերել` տրամադրելով խնամակալներ:
Հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծվել են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը: Հավաքագրվել են նաեւ մարզաբնակների առողջական տվյալները:
Բժշկական օգնության կարիք ունեցողները Երեւանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո:
Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռեւս 2014թ.: Ակնաբուժական նախագծի աջակցությամբ մարզաբնակ ականատեսների համար կազմակերպվում են մասնագետների պարբերական այցելություններ:
Աշխատանքներին աջակցում է նաեւ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը:
Նշենք, որ ականատես-վերապրածների բարձրացրած հարցերին արագ արձագանքելու եւ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 հեռախոսահամարը:






