Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամի լաբորատորիայում Եվրոպական Իմունոգենետիկայի Ֆեդերացիայի (EFI) կողմից անցկացվեցին չորրորդ հերթական ստուգումները: Եվրոպայից ժամանած տեսուչները բարձր գնահատեցին լաբորատորիայի աշխատանքի որակը եւ եւս մեկ անգամ հաստատեցին, որ այն համապատասխանում է Եվրոպական ստանդարտներին:
Եվրոպական Իմունոգենետիկայի Ֆեդերացիայի (EFI) կողմից լաբորատորիան կրկին ստացավ հավաստագիր մարտի 16, 2015թ: Ստուգումն անցկացվեց Եվրոպական Իմունոգենետիկայի Ֆեդերացիայի (EFI) երկու տեսուչների՝ պրոֆեսոր Սվետլանա Վոյվոդիչի (Սերբիա) եւ պրոֆեսոր Զորանա Գրուբիչի (Խորվաթիա) կողմից:
Ստուգումների սկզբում, ըստ սահմանված ընթացակարգի, պրոֆեսոր Զորանա Գրուբիչը հանձնեց իր արյան նմուշը լաբորատորիայում հետազոտություն անցկացնելու համար: Տեսուչները ստուգեցին լաբորատորիայի մասնագիտական, տեխնիկական փաստաթղթերը, հիվանդների, ազգակից եւ ոչ ազգակից դոնորների HLA տիպավորման, ինչպես նաեւ որոշ HLA անտիգենների մի շարք հիվանդությունների հետ ասոցվածության հետազոտությունների ընթացակարգը: Տեսուչները ստուգեցին նաեւ բժշկական բոլոր սարքավորումներն ու գործիքները, որոնք օգտագործվում են ՈԴՀՌ: Այնուհետեւ, երբ պրոֆեսոր Զորանա Գրուբիչի արյան տիպավորման արդյունքները պատրաստ էին, տեսուչները հավաստեցին, որ հետազոտությունն արված է բարձր մակարդակով, բոլոր ընթացակարգերը եւ ստանդարտները պահպանված են առավելագույն ճշգրտությամբ:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին եւ գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում:
Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է 27.000 դոնոր, ռեեստր դիմած 2482 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:






