« Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եվ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքից զատ՝ պետք է ընդունվեն նաեւ մի շարք նորմատիվ ակտեր, կարծում է ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Վստահություն առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ օրենքով շատ հստակ ամրագրվում է, ինչպիսի նորմատիվ ակտեր են պետք, եւ շատ լավ կլինի, եթե դրանք ընդունվեն մոտ ապագայում:
Նորմատիվ ակտերով պետք է կարգավորվի, օրինակ, այն, թե ինչ պետք է գրված լինի մանկական սննդի տուփերի վրա: Ընդհանուր դրույթները սահմանված են օրենքով, սակայն կան մանրուքներ, որոնք պետք է կարգավորվեն հենց նորմատիվ ակտերով: Օրինակ, տուփի վրա պետք է նշված լինեն արհեստական սննդի՝ կրծքով կերակրելու համեմատ ռիսկերն ու բացասական կողմերը: Քանի որ այսօրինակ տեղեկատվությունը մշտապես փոփոխվում է, ճիշտ չէր լինի այն ամրագրել օրենքով եւ անընդհատ թարմացնել: Այդ պատճառով այսօրինակ խնդիրները պետք է կարգավորվեն նորմատիվ ակտերով:
Նորմատիվ ակտերով պետք է սահմանված լինի նաեւ, թե որ դեպքերում է երեխային անվճար մանկական սնունդ տրամադրվում (օրինակ, եթե մայրը ՄԻԱՎ վարակակիր է կամ երեխան բնածին հիվանդություն ունի, կամ ծնողազուրկ է): Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ այն դեպքերը, որոնց պարագայում նորածիններին իսկապես պետք է արհեստական սնունդ տալ, իրականում չափազանց քիչ են, սակայն դրանք նույնպես պետք է ամրագրվեն նորմատիվ ակտերում:
Նորմատիվ ակտերով պետք է սահմանված լինի նաեւ այն, թե ինչպես եւ ինչ հիմունքներով ծննդատները պետք է արհեստական սնունդ գնեն: Եթե ծննդատունը արհեստական կեր ձեռք բերի այնպես, ինչպես դեղեր է ձեռք բերում, հաստատությունը ավելորդ գումար չի ծախսի՝ ավելին գնելու համար:
Օրենքը, Սուսաննա Հարությունյանի խոսքով, իրականում լավն է: Պարզապես այն դեռ նոր է ընդունվել եւ ուժի մեջ մտել, այդ պատճառով առաջին հերթին անհրաժեշտ է տեղյակ պահել դրա մասին բուժանձնակազմին ու նոր միայն մտածել օրենքի խախտման դեպքում կիրառվող տույժերի մասին:






