Կեսարյան հատումը երեխային արհեստական սննդով կերակրելու պատճառ չէ, կարծում է ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Վստահություն առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանը: Նրա խոսքով՝ շատ լավ կլիներ, եթե Հայաստանի ծննդատներում հատուկ բուժքույր լիներ, որը կօգներ կանանց կեսարյան հատումից հետո:

Կեսարյան հատումից հետո կինն ավելի շատ խնամքի կարիք ունի, քան սովորական ծննդաբերությունից հետո, եւ երբեմն այս կանանց նկատմամբ հատուկ մոտեցում է անհրաժեշտ՝ նրանց կրծքով կերակրել սովորեցնելու համար: Բոլոր այս գործառույթները կարող է իր վրա վերցնել հատուկ պատրաստություն անցած բուժքույրը, ով անհրաժեշտության դեպքում ոչ միայն ցույց կտա ծննդկանին, ինչպես է պետք կերակրել կեսարյան հատումից հետո, այլ նաեւ կօգնի խնամել երեխային:

Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ երեւանյան կլինիկաներից մեկում արդեն իսկ մտածում են այդպիսի բուժքրոջ հաստիք ունենալու մասին: Դա, մասնագետի խոսքով, շատ լավ գաղափար է, եւ անհրաժեշտ է այդպիսի բուժքույր ունենալ Հայաստանի բոլոր ծննդատներում՝ մանավանդ որ այդ հաստիքը դժվար թե լուրջ ֆինանսական խնդիրներ ստեղծի կլինիկայի համար, փոխարենը հատուկ պատրաստություն անցած բուժքույրը կարող է օգնել ճիշտ կազմակերպել երեխայի կերակրումը:

Որոշ կանայք մտածում են, որ չեն կարողանալու կրծքով կերակրել կեսարյան հատումից հետո, քանի որ կաթ չեն ունենա: Իրականում, մասնագետի պնդմամբ,  որպեսզի կաթ լինի, պետք է սկսել կերակրել՝ անկախ նրանից, թե ինչպիսի ծննդաբերություն է եղել: Իսկ ճիշտ կերակրելու դեպքում կաթի նույնիսկ քիչ քանակությունը բավարար կլինի փոքրիկին նրա կյանքի առաջին օրերին, իսկ ժամանակի ընթացքում կաթն անպայման կշատանա: Այս ամենի մասին պետք է պատմել ծննդկանին: