Ուղեղի քաղցկեղով տառապող հիվանդները ավելի հաճախ են բուժել ատամները, պարզել են Յելի գիտնականները: Նրանց անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ ուղեղի քաղցկեղային հիվանդությունների և ատամների բուժման հաճախականության միջև անմիջական կապ գոյություն ունի:
Յելի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտությանը մասնակցել են 1443 տղամարդ և կին, որոնց մոտ մենինգիոմա է ախտորոշվել՝ ուղեղի պինդ հյուսվածքներից աճող ուռուցք: Գիտնականները ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ բոլոր այս հիվանդները բազմաթիվ անգամներ ատամների ռենտգենյան հետազոտություն են անցել, որը օգտագործվում է ատամնաբույժերի կողմից բորբոքումն ու ցավի աղբյուրը հայտնաբերելու համար:
Համեմատելով այս տվյալները վերահսկողական խմբի տվյալների հետ (1350 առողջ մարդ)՝ բժիշկները պարզել են, որ քաղցկեղով տառապողները երկու անգամ ավելի շատ են ատամների ռենտգենյան հետազոտություն անցել: Բացի այդ՝ հետազոտողները պարզել են նաև, որ երբ հիվանդները բերանի խոռոչի ամբողջական ռենտգեն են արել, քաղցկեղի հավանականությունը աճել է 3 անգամ:
Այս նախագծի ղեկավար պրոֆեսոր Էլիզաբեթ Կլաուսը համաձայն է ատամնաբույժերի այն պնդումների հետ, որ ժամանակակից ռենտգենյան սարքավորումները ավելի անվտանգ են, քան նախկինում օգտագործվողները: Այնումենայնիվ, հետազատողը խորհուրդ է տալիս մարդկանց վերահսկել այս պրոցեդուրաների հաճախականությունն ու որակը:






