Երեւանյան հիվանդությամբ տառապողների թիվը Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն աճել է: Եթե նախկինում այս հիվանդության կասկածանքով հետազոտվում էր մոտավորապես 150 մարդ, ապա այժմ ամեն օր դիմում է 15-25 հիվանդ: Այս մասին է պատմում Գենետիկական բժշկության կենտրոնի բժիշկ-գենետիկաբան Գոհար Շահսուվարյանը:

Ստացվում է, որ ամսական երեւանյան հիվանդության կասկածանքով բժիշկներին է դիմում առնվազն 450 մարդ (5500 մարդ անցյալ տարվա 1500 դիմաց): Դիմածների 70 տոկոսի մոտ երեւանյան հիվանդությունն ախտորոշվում է:

«Մեր բազայում վերջին տարիներին ավելի քան 25 000 հետազոտությունների մասին տվյալներ են հավաքագրվել, դեպքերի 70 տոկոսում երեւանյան հիվանդությունը հաստատվել է», - նշում է Գոհար Շահսուվարյանը:

Ինչի՞ հետ է կապված հիվանդների թվի աճը: Գենետիկաբանի խոսքով՝ միանշանակ պատասխանել այս հարցին հնարավոր չէ: Բացառված չէ, որ այստեղ որոշակի դեր են խաղում շրջակա միջավայրի ախտոտումը եւ սթրեսները, բայց այն փաստը, որ հիվանդությունը տարածված է միջերկրածովյան ազգերի մոտ, շատ կարեւոր է: Բանն այն է, որ հայերը, հրեաները, արաբները, թուրքերը բավակակնին փակ հասարակություն են իրենցից ներկայացնում, եւ այլ ազգերի ներկայացուցիչների հետ ամուսնություններն այդքան էլ տարածված երեւույթ չեն այդ հասարակություններում: Իսկ եթե հասարակությունը բազմանում է ինքն իր սահմաններում, գենետիկական հիվանդություններով երեխաների թիվն աճում է:

Մասնագետը նշեց, որ վերջին տարիներին այս հիվանդության, ինչպես նաեւ մի շարք այլ հիվանդությունների նկատմամբ հասարակության վերաբերմունքը փոխվում է: Եթե նախկինում մարդիկ ամաչում էին եւ չէին խոստովանում, որ իրենց ընտանիքում երեւանյան հիվանդությամբ տառապող մարդ կա, ապա այժմ նրան սկսել են գիտակցել, որ հիվանդությունը խարան չէ, այլ ընդամենը ուշադրություն պահանջող խնդիր: