ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) կարող է աջակցել Հայաստանին ալյուրի հարստացման գործընթացում` մեթոդաբանության մշակման, մասնագիտական վերլուծության, հանրային իրազեկման հարցերում։ Այս մասին ասվել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոյի հանդիպման ընթացքում: Քննարկվել է նաեւ Հայաստանում հինգերորդ տարին իրականացվող կայուն դպրոցական սնունդ ծրագրի հետ կապված հարցերը։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ ձգտում են ընդլայնել համագործակցությունը առողջապահության նախարարության հետ, քանի որ ծրագիրն ուղղակիորեն առնչվում է երեխաների առողջությանը, անելիքները շատ են հատկապես երեխաների համար որակյալ դպրոցական սնունդ ապահովելու, սնուցման ու առողջության բարելավման գործում:

«Ծրագրի գնահատող թիմի կողմից առաջարկվել էր, որպեսզի այն ընդլայնվի եւ զուգակցվի առողջ ապրելակերպին ուղղված այլ գործոնների հետ»,- ասաց Պասկալ Միշոն:

Ալյուրի հարստացման համատեքստում Պասկալ Միշոն մատնանշեց Եգիպտոսի օրինակը: Նրա խոսքով` երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի ցորենի ալյուրի հարստացումը Եգիպտոսում սնուցման քաղաքականության մաս կազմի, սակայն այսօր այն հանրային առողջապահական ամենահաջողված ծրագրերից է:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանում իրականացվում է կայուն դպրոցական սնունդ ծրագիրը: Այն սկսվել է 2010թ. 50000 տարրական դասարանների աշակերտների համար, ներկայումս ծրագրից օգտվող աշակերտների թիվը 67000 է: Ծրագիրն ավարտվում է 2016թ., սակայն հնարավոր է, որ երկարաձգվի եւս մի քանի տարով: