Շատերը մտածում են, որ ատամնաբույժին պետք է այցելել միայն ատամների հետ խնդիրների ի հայտ գալու դեպքում, սակայն իրականում կանխարգելիչ այցելություններ պետք է իրականացնել տարեկան առնվազն երկու անգամ: Այս կարծիքն է հայտնել լրագրողների հետ հանդիպման ընթացքում ատամնաբույժ Նվարդ Վանյանը:
Մասնագետի խոսքով՝ ատամների եւ բերանի խոռոչի խնդիրները կարելի է կանխել կամ վաղ բուժում իրականացնել, եւ սա ատամնաբույժին ավելի հաճախ այցելելու պատճառներից մեկն է:
Այսպիսով, ինչու՞ է այդքան կարեւոր այցելել ատամնաբույժին տարեկան երկու անգամ եւ ո՞ր հիվանդությունները կարելի է կանխարգելել այս կերպ:
Բերանի խոռոչի հիվանդություններ
Փորձառու ատամնաբույժը կարող է նկատել ատամների հիվանդությունների զարգացումը նույնիսկ դրանց վաղ փուլում՝ խուսափելով այդպիսով հետագա բարդություններից: Կարիեսը, օրինակ, սզկբնական փուլում շատ դանդաղ է զարգանում, սակայն դրա տարածման արագությունը բարձրանում է երբ այն արդեն ախտահարել է ատամի մեծ մասը: Այդ պատճառով ավելի հեշտ է բուժել կարիեսը սզկբնական փուլում, երբ ախտահարված է ատամի միայն փոքր մասը:
Լնդերի հիվանդություններ
Լնդերի շատ հիվանդություններ կարելի է հայտնաբերել եւ բուժել դրանց զարգացման վաղ փուլում՝ թույլ չտալով, որ վնասվեն ատամները:
Փառն ու ատամի քարը
Փառն ու ատամի քարը այդքան էլ անվտանգ չեն, որքան ընդունված է կարծել: Փառը կարող է քայքայել էմալի վերեւի շերտը, իսկ քարերը կարող են հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման: Այդ պատճառով շատ կարեւոր է ազատվել այս հիվանդություններից:
Ճիշտ խնամք
Նվարդ Վանյանի խոսքով՝ մասնագետի կանխարգելիչ այցի ընթացքում կարող է խորհուրդ տալ, ինչպես ընտրել ճիշտ ատամի խոզանակը, մածուկը, թելն ու իրիգատորը: Այս տեղեկատվությունն անհրաժեշտ է ատամների ճիշտ խնամքը կազմակերպելու համար:






