Ներկա պահին Երեւանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների հոսք է նկատվում, եւ դա կապված է ՍՇ վարակների սեզոնային ակտիվացման հետ: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց կլինիկայի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը՝ հավելելով, որ իրենց հիվանդանոցում ցանկացած սեզոնին էլ հիվանդները շատ են:

Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ կլինիկայում տեղ չի եղել, եւ նոր հիվանդներ ստիպված չէին ընդունում: Սակայն, բժշկի խոսքով, այս իրավիճակը միշտ կրկնվում է գրիպի սեզոնին, եւ այս տարին առաձնապես նախորդ տարիներից չի տարբերվում:

Ն.Արիկյանցը հայտնեց, որ «Արաբկիր» ԲԿ-ում ներկա պահին բուժում են ստանում նաեւ բարդություններ ունեցող երեխաներ. Թոքաբորբով, անգամ թոքերի օբստրուկցիայով, բայց ինչքանով է դա կապված ՍՇ վարակների ակտիվացման հետ, մեր զրուցակիցը դժվարացավ ասել:

«Սուրբ Աստվածամայր» երեւանյան մանկական կլինիկայի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ նկատվում է գրիպի եւ ՍՇ վարակների սեզոնային ակտիվացում: Իր ներկայացրած կլինիկայում, սակայն, իրավիճակը վերահսկվում է: Հաստատությունն ի վիճակի է ընդունել բոլոր երեխաներին, իսկ լուրջ բարդություններով հիվանդներ առայժմ չկան:

Հիշեցնենք, որ այսօր Կրթության եւ գիտության նախարարությունը Առողջապահության նախարարության առաջարկով երկարաձգել է դպրոցական արձակուրդները՝ գրիպի եւ ՍՇ վարակների տարածման կանխարգելման նպատակով:

Ինչպես հայտնեց NEWS.am Medicine-ին ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, նշված հիվանդությունները վերջերս ակտիվացել են անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչին, ամենայն հավանականությամբ նպաստել է նաեւ վերջին օրերի ջերմաստիճանի անկումը: