Առաջիկա օրերին ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով կնշանակվեն  ուլտրաձայնային ախտորոշման, համակարգչային եւ մագնիսառեզոնանսային շերտագրման, ինչպես նաեւ ռադիոիզոտոպային հետազոտության ոլորտի գլխավոր մասնագետներ:

Կստեղծվեն նաեւ  աշխատանքային խմբեր, որոնք համագործակելով ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների հետ կներկայացնեն հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ ծառայությունների ոլորտում առկա խնդիրների,  դրանց լուծման մեթոդների մասին առաջարկներ,  կկատարեն իրավիճակային վերլուծություն, ինչպես նաեւ  կհամալրեն նորմատիվային փաստաթղթերի բազան։ Այս հարցերը քննարկվել են այսօր, մարտի 20–ին, ՀՀ առողջապահության նախարարությունում առաջատար ռենտգենաբան-ռադիոլոգների մասնակցությամբ  հրավիրված խորհրդակցության ընթացքում, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։ 

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների նշանակման հիմնավորվածության ապահովման ուղեցույցի» նախագիծը, որը սահմանվում է վերոնշյալ հետազոտությունների կազմակերպման հիմնական սկզբունքները:

Ուղեցույցում հանգամանալից ներկայացված է ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ ծառայությունների տեսակները, ցուցումներն ու  հակացուցումները: Անդրադարձ է կատարված մասնագիտական  այլ արդիական հարցերի:

Ռենտգենաբան-ռադիոլոգները ներկայացրին  ճառագայթային անվտանգության  հարցերի շուրջ միջազգային փորձը, օրենսդրական դաշտը, ժամանակակից սարքավորումների հնարավորությունները,  գիտական ուսումնասիրություններն ու անվտանգության խնդիրները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ ոլորտն առաջընթաց է ապրում  եւ  ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտություններն առավել հաճախ են կիրառվում:

«Ճառագայթային ախտորոշման մեթոդով իրականացվող հետազոտությունների ժամանակ կարեւոր է ոչ միայն  հիվանդի, այլ բուժանձնակազմի անվտանգության ապահովումը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: