Գարնանային արձակուրդները դպրոցներում երկարացրել են եւս մեկ շաբաթով՝ գրիպի եւ ՍՇ վարակների ակտիվացման պատճառով, որոնց դեպքերի ճնշող մեծամասնությունը գրանցվում էր մինչեւ 18 տարեկան երեխաների շրջանում: Իսկ ինչու՞ են մանկապարտեզները շարունակում գործել: Պլանավորվու՞մ է արդյոք ժամանակավորապես դադարեցնել դրանց աշխատանքը:
Ինչպես նշում է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, մանկապարտեզներում, ինչպես նաեւ երկրի ռիսկային բոլոր հաստատություններում, ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում, որի նպատակն է պարզել, իրականում քանի երեխա է հիվանդացել եւ արդյոք բոլոր բացակայությունների պատճառը ՍՇ վարակներն են ու գրիպը:
Լիանա Թորոսյանի խոսքով՝ շատ հաճախ փոքր երեխաները մանկապարտեզ չեն գնում այն պատճառով, որ մեծ եղբոր կամ քրոջ մոտ արձակուրդ է, եւ նրանք դպրոց չեն գնում: Սակայն մայրերին շատ ավելի հեշտ է պատճառաբանել, որ երեխան հիվանդ է:
Երբ հիվանդացության իրական պատկերը պարզ դառնա, կարող է որոշում ընդունվել առանձին մանկապարտեզներում, որտեղ հիվանդացության մակարդակը բարձր է, դասերը դադարեցնելու մասին: Որոշումը, հավանաբար կընդունվի երկուշաբթի՝ բոլոր տվյալները վերլուծելուց հետո, հայտնում է Լիանա Թորոսյանը:
Իսկ դպրոցական արձակուրդների երկարաձգումը, ըստ Լիանա Թորոսյանի, արդեն իսկ իր արդյունքներն է բերում. հիվանդացության մակարդակը սկսել է նվազել:






