Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության եւ մահացության ցուցանիշները վերջին տասը տարիներին աստիճանաբար նվազել են: Սակայն ավելացել է տուբերկուլոզ/ՄԻԱՎ համավարակով հիվանդների թիվը: Այս մասին Ծաղկաձորում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթացի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» ՊՈԱԿ տնօրեն Արմեն Հայրապետյանը։
Նախորդ տարի հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչի դեպքում կազմել է 34.7 դեպք, իսկ 2013 թվականին` 36.6: «Ամենաբարձր ցուցանիշը 2004 թվականից մինչ օրս գրանցվել է 2005 թվականին` կազմելով 62.4 դեպք»,-ասաց Արմեն Հայրապետյանը: Ինչ վերաբերում է տուբերկուլոզի բարեհաջող բուժման ելքերին, ապա դրանց թիվը եւս ավելացել է. 2010թ. բուժման բարեհաջող ելքերի տեսակարար կշիռը կազմել է 71.7 տոկոս, 2011թ.` 77, 2012թ.` 79.4, 2013թ.` 79.6:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիրախը 85 տոկոսն է, մենք դեռ անելիքներ ունենք, որ հասնենք ու անցնենք այդ ցուցանիշը»,-նշեց Արմեն Հայրապետյանը:
«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի» տնօրենը հավելեց, որ հիվանդությունը պահանջում է երկարատեւ բուժում, սակայն հիվանդները հաճախ այն կիսատ են թողնում, որն էլ հիվանդության հետագա խորացման պատճառ է դառնում: Հատկապես դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժումը տեւում է երկու տարի: Առաջին ամիսներին, նկատելով առաջընթաց բուժման գործընթացում, հիվանդները հաճախ այն ընդհատում են ու, օրինակ, մեկնում արտագնա աշխատանքի, որի ժամանակ էլ մեծ է հիվանդության կրկնման վտանգը:
Ըստ բանախոսի` 2014թ. ավելացել է տուբերկուլոզ/ՄԻԱՎ համավարակով հիվանդների թիվը: Եթե 2013թ. տուբերկուլոզ հայտնաբերվել է ՄԻԱՎ ունեցող 67 մարդու մոտ, ապա 2014 թ. այդ թիվը եղել է 90: Այս ցուցանիշի բարձրացումը բացատրվում է արտագնա աշխատանքի մեկնելու գործոնով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը շեշտեց, որ տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է:
«Տուբերկուլոզը դատավճիռ չէ մարդկանց համար, եթե ժամանակին ախտորոշվում է, ու անձը մտնում է բուժման ցիկլի մեջ` պահպանելով ռեժիմն ու ժամանակահատվածը»,-ասաց նա` ավելացնելով, որ հիվանդությունն ունի քաղաքական, սոցիալական, տնտեսական բնութագրիչներ:
«Հանրային առողջության հետ կապված հարցերն անմիջական առնչություն ունեն հանրային կարծիքի ձեւավորման հետ: Մենք կարեւորում ենք դրանց շուրջ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հետ քննարկումները»,- ողջունելով դասընթացի աշխատանքները` նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Հաշվի առնելով տուբերկուլոզի սոցիալական մեծ նշանակությունը` նա նշեց, որ հիվանդության դեմ պայքարում ակնկալվում է, ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ հասարակական կազմակերպություների դերն ու աջակցությունը: «Շատ կարեւոր է միավորվել սոցիալական նշանակության նման կարեւոր խնդիրների դեմ պայքարի շուրջ»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը:






