Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սուր շնչառական հիվանդությունների հնարավոր սրացումներից խուսափելու եւ կանխարգելելու նպատակով հանգստյան օրերին երեխաներին սպասարկող քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում սահմանվել է հատուկ հերթապահություն: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Խնդրի հետ կապված, քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ հսկողություն է սահմանվել նաեւ մանկապարտեզներում: Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ արդեն շաբաթվա վերջին երեխաների հաճախելիությունը կարգավորվել է եւ մանկապարտեզների մեծ մասում բացակայություններ գրեթե չեն գրանցվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով համապատասխան միջոցներ:
«Ինչպես գիտեք մանկապարտեզները արձակուրդ չունեն: Իրավիճակը մշտական հսկողության տակ պահելու եւ վերահսկելու համար տեղում իրականացրեք ամենօրյա հսկողություն եւ եթե որեւէ մանկապարտեզում նկատվի հիվանդության պատճառով երեխաների բացակայությունների աճ, ապա ձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, որպեսզի ժամանակավորապես դադարեցվի տվյալ մանկապարտեզի աշխատանքը: Իսկ մեկ շաբաթով մանկապարտեզները փակելու մասին հնչող կարծիքներին ի պատասխան նշեմ, որ հաճախող շուրջ 30 հազար երեխաների մեծ մասի ծնողներն աշխատող են ու նման կերպ վարվելով՝ մենք ուղղակի ավելորդ անհարմարություններ կստեղծենք այդ մարդկանց համար, ինչը, բնականաբար, ցանկալի չէ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:






