Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա առնչությամբ NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ այս հիվանդության մասին.
1. Տւբերկուլոզի հարուցիչներն են Mycobacterium tuberculosis complex խմբի միկրոբակտերիաները: Դրանք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով հիվանդի խոսելու, հազալու եւ փռշտալու ժամանակ:
2. Առավել հաճախ տւբերկուլոզը ախտահարում է թոքերը, սակայն գոյություն ունի նաեւ այլ օրգանների տւբերկուլոզ` մարսողական համակարգի, միզասեռական օրգանների, մաշկի, աչքերի, ոսկորների եւ հոդերի:
3. Մոլորակի բնակչության մոտ մեկ երրորդը վարակված է տւբերկուլոզի միկրոբակտերիայով, բայց հիվանդության ակտիվ փուլը զարգանում է մոտավորապես ամեն տասերորդ մարդու մոտ: Տւբերկուլոզի զարգացման հավանականությունը ամենաբարձրն է ՁԻԱՀ ունեցող մարդկանց մոտ, քանի որ նրանց իմունիտետը թույլ է:
4. Օրական տւբերկուլոզով հիվանդը խորխի հետ արտաքին միջավայր է արտանետում 15 միլիոնից 7 միլիարդ բացիլներ, որոնք տարածվում են 1-6 մետր շառավիղով: Առանց բուժման ակտիվ տւբերկուլոզ ունեցող հիվանդը կարող է վարակել միջինում 10-15 մարդ տարեկան:
5. Տւբերկուլոզը ՁԻԱՀ-ով վարակված մարդկանց մահվան հիմնական պատճառն է:
6. Տւբերկուլոզը բուժվում է, սակայն դրա բուժումը երկարատեւ է եւ համապատասխան խնամք է պահանջում:
7.. Գոյություն ունի տւբերկուլոզի դեղակայուն տեսակ, որը ենթակա չէ բուժման ստանդարտ մեթոդներով: Տւբերկուլոզ ունեցող մարդկանց մոտ 9 տոկոսը տառապում է տւբերկուլոզի հենց այս տեսակով: Երկու տարվա ընթացքում այս տեսակի տւբերկուլոզ ունեցող մարդը ընդունում է մոտավորապես 14 600 դեղահաբ, մոտ 240 ցավոտ սրսկումներ է անում:
8. Վերջերս գիտնականները նոր դեղամիջոց են ստեղծել՝ բեդակվիլինը, որը բավականին արդյունավետ է դեղակայուն տւբերկուլոզի դեմ պայքարում եւ կարող է կրճատել բուժման տեւողությունը: Բժիշկները մեծ հույսեր են կապում այս դեղորայքի հետ, քանի որ դեղակայուն տւբերկուլոզով տառապողներից շատերը չեն դիմանում երկու տարի տեւող բուժմանը եւ թողնում այն՝ այդպիսով վնաս հասցնելով եւ իրենց, եւ ուրիշներին:
9. Հակառակ տարածված կարծիքի՝ ներմաշկային տւբերկուլոզային քերուկը (Մանտուն) կարելի է թրջել: Այն միֆը, որ Մանտուն չի կարելի թրջել, ձեւավորվել է 70-ական թվականներին, երբ տւբերկուլոզի հայտնաբերման համար ոչ թե Մանտու էին օգտագործում, այլ Պիրկե մաշկային քերուկը, որն էլ հենց չէր կարելի թրջել:
10. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ձգտում է 2050 թվականին կանգնեցնել տւբերկուլոզի տարածումը (հասնել նրան, որ հիվանդացության մակարդակը կազմի 1 դեպք 1 միլիոն մարդկանց շրջանում)






