Այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրազեկման ակցիա անցկացրեց` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀԿԽԸ մամլո ծառայությունից:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շախմատի դպրոցին հարող պուրակում (Հանրապետության 1) տեղադրվել էր տաղավար, որտեղ ՀԿԽԸ աշխատակիցները և կամավորները հանրությանը բաժանեցին տուբերկուլյոզը լուսաբանող տպագիր նյութեր, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:
Այստեղ կարելի էր տեղեկանալ տուբերկուկուլոզով վարակվելու ուղիների և բուժման կազմակերպման մասին, լուսանկարվել տուբերկուլյոզի դեմ պայքարի խորհդանիշը հանդիսացող երիցուկի պատկերով հատուկ պաստառի մոտ` նշանավորելով յուրաքանչյուրի դերը` այս հիվանդության դեմ պայքարում:
Տուբերկուլոզի դեմ պայքարի օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն ամեն տարի միլիոնավոր կյանքեր է խլում: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլոզի մոտ 9 մլն նոր դեպք, մահանում է 1.6 միլիոնը:
Տուբերկուլոզը առողջապահական լուրջ խնդիր է մնում նաև Հայաստանում: 2013թ. մեր երկրում տուբերկուլյոզով հիվանդացությունը 100 000 հաշվով կազմել է 36.6, բարձրացել է բարեհաջող բուժման ելքի ցուցանիշը` հասնելով 79.6 տոկոսի:
ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլյոզի կառավարման ընդլայնում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է ՀՀ-ում գրանցված բոլոր` ինչպես ռեգուլյար, այնպես էլ դեղորայքակայուն ՏԲ հիվանդների սոցիալ-հոգեբանական աջակցությունը` տրամադրելով նաեւ հիվանդության ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն:
Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ Հիմնադրամի կողմից, որի հիմնական ստացողը հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, իսկ ենթաստացողը`ՀԿԽԸ-ն:
Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի և "Էլայ Լիլի և Կոմպանիա'' ընկերության աջակցությամբ ՀԿԽԸ-ն ՀՀ Կոտայքի մարզում իրականացնում է «Տուբերկուլոզով հիվանդների կարողությունների հզորացում» ծրագիրը, որի շրջանակներում Կոտայքի մարզի պոլիկլինիկաներում գրանցված ՏԲ հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպված ՏԲ «ակումբներում» տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն և կրթում-լուսաբանում:






