Հայաստանը դիմել է Գլոբալ հիմնադրամին եւ ունի նախնական համաձայնություն Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին առաջիկա երեք տարիներին եւս ֆինանսավորելու համար։ Այս մասին այսօր, մարտի 24–ին, Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

Բանախոսը մանրամասնեց ծրագրի ուղղությունները` կանխարգելում, ախտորոշում, բուժում, դեղերով ապահովում, լաբորատոր ցանցի արդիականացում, բուժման եւ հետազոտությունների նոր մեթոդների ներդրում, մշտադիտարկում, ամոքիչ խնամք եւ այլն։ Բոլոր ծառայություններն իրականացնելիս կիրառվում են միջազգային չափորոշիչները։

Վ. Պողոսյանը հայտնեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ միջազգային մի շարք կառույցների հետ տուբերկուլոզի դեմ պայքարը մեր երկրում սկսվել է դեռեւս 2001-2002 թվականներից։ Մինչեւ այժմ ազգային մի քանի ծրագրեր են իրականացվել։ Վերջին տարիներին այդ աշխատանքներն առավել կազմակերպված եւ նպատակաուղղված են տարվում»,-այսօր նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց փոխնախարար Վահան Պողոսյանը` նշելով դոնոր այն կազմակերպություններին, որոնք առ այսօր շարունակում են աջակցել երկրում տուբերկուլոզի դեմ իրականացվող ծրագրերին։ Հիմնական գործընկեր ԱՀԿ-ից բացի դրանց թվում են Գլոբալ հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ-ն, Բժիշկներ առանց սահմանի կազմակերպությունը։

Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանում տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է բոլորի համար եւ այդ ամբողջը հոգում է ՀՀ կառավարությունը։