Կապանում բրուցելոզի դեպքեր արձանագրվելուց հետո ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կազմակերպվել են Կապանի սպանդանոցի բոլոր աշխատակիցների լաբորատոր հետազոտությունները, հայտնաբերվել է 19 հիվանդ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
Համաձայն հաղորդագրության, Սյունիքի մարզի Կապան քաղաքից մարտի 5-ին տեղեկատվություն ստանալով, որ 6 անձ բրուցելոզ հիվանդությանը բնորոշ ախտանշաններով դիմել է բժշկական օգնության` ՀՀ առողջապահության նախարարությունը տեղում համաճարակաբանական հետազոտություններ է իրականացրել։ Պարզվել է, որ բոլոր հիվանդներն աշխատել են Կապանի գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցում: Գյուղատնտեսության նախարարության եւ Սյունիքի մարզպետարանի հետ ճշգրտվել է սպանդանոցի աշխատակիցների ցանկը լաբորատոր հետազոտությունները եւ բուժումը կազմակերպելու համար:
Հայտնաբերված հիվանդների բուժումն իրականացվել է պետական պատվերի շրջանակում, ապահովվել են անհրաժեշտ դեղով: Այսօրվա դրությամբ Կապանի բժշկական կենտրոնում բուժում է ստանում մեկ հիվանդ: Մյուսներն առողջացումով դուրս են գրվել հիվանդանոցից:
Միաժամանակ պետք է նշել, որ հիվանդներից մեկի մոտ վարակաբանի կողմից կասկածվել է սիրբիրյան խոց հիվանդությունը, որը եւս մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից: Անմիջապես տեղում կազմակերպվել է նմուշառում, որը տեղափոխվել Երեւան` ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն, որտեղ հիվանդությունը ժխտվել է:
Համապատասխան կառույցների կողմից ձեռնարկված կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ բրուցելոզ հիվանդությունը տեղայնացվել է: Իրավիճակը վերահսկելի է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am Medicine-ը, Կապանում «Գյուղարտ» ՓԲԸ-ին պատկանող սպանդանոցի աշխատակիցները վարակվել են բրուցելոզով: Կապանի բկ–ում հայտնել էին 17 հիվանդի մասին, իսկ մարտի 14–ին Կապան այցելած «Պաշտպանված եւ իրազեկ սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հաղորդել էր 18 հիվանդի մասին։






