Այսօր՝ մարտի 26-ին, աշխարհում նշվում է «Մանուշակագույն օրը» (Purple Day)՝ էպիլեպսիայով տառապողների միջազգային օրը: Այդ օրվա գաղափարը պատկանում է մի աղջկա՝ Քեսիդի Մեգանին, ով 2008 թվականի այս օրը որոշել է մնացած մարդկանց ցույց տալ, որ ինքը ոչնչով նրանցից չի տարբերվում: Իր 9 տարիների ընթացքում երեխան արդեն հասցրեց որոշակի արհամարհանք զգալ մեծերի եւ հասակակիցների կողմից, որոնք ընկալում էին նրա հիվանդությունը ոչ ադեկվատ՝ այն համարելով խելագարության տեսակ:
Այսօր բոլոր ցանկացողները կարող են իրենց աջակցությունը հայտնել էպիլեպսիայով տառապողներին: Երեխայի նախաձեռնությունը սատարեց սկզբում Նոր Շոտլանդիայի էպիլեպսիայի ասոցիացիան, իսկ այնուհետեւ աշխարհի մնացած կազմակերպությունները: Արդեն 2009 թվականին Մանուշակագույն օրվան միացել էին ավելի քան 100 հազար ուսանող, մոտավորապես 100 հասարակական կազմակերպություն եւ ավելի քան 100 հանրահայտ քաղաքական գործիչ, իսկ Տորոնտոյի հեռուստաշտարակն այդ օրը մանուշակագույն ներկվեց:
Էպիլեպսիան համարվում է քրոնիկ նյարդաբանական ամենատարածված հիվանդություններից մեկը: Այն արտահայտվում է հանկարծակի ջղաձգային նոպաներով: Տեղեկություններ կան, որ էպիլեպսիայով տառապել են մի շարք հայտնի մարդիկ, որոնց թվում են Հուլիոս Կեսարը, Ալեքսանդր Մակեդոնացին, Նոստրադամուսը, Դանթե Ալիգյերին, Իվան Ահեղը. Նապոլեոն Բոնապարտը. Ֆյոդոր Դոստոեւսկին, Ալֆրեդ Նոբելը, Վինսենթ վան Գոգը: Հին հույներն ու հռոմեացիները էպիլեպսիան «աստվածային միջամտություն» եւ «Հերկուլեսյան հիվանդություն» էին համարում:






