Ամերիկյան գիտնականները մշակել են արյան անալիզի հասարակ ու արդյունավետ մեթոդ, որը թույլ է տալիս բացահայտել գետնանուշի եւ խեցգետնի նկատմամբ ալերգիայի առկայությունը: Այս ալերգիան վտանգավոր է նրանով, որ դրանով տառապող մարդկանց մոտ բժշկական օգնության բացակայության պայմաններում կարող է անաֆիլատիկ շոկ զարգանալ, որն էլ իր հերթին կարող է մահվան պատճառ դառնալ: Թեստը կօգնի տարբերակել ալերգիայի ծանր տեսակ ունեցող եւ ռիսկի խմբում գտնվող մարդկանց:
Ներկայումս այս ալերգիայի ախտորոշման համար բժիշկներն օգտագործում են մաշկային նմուշի անալիզի մեթոդը, որի միջոցով որոշվում է իմունային համակարգի կողմից արտադրվող սպիտակուցի քանակը: Այս անալիզները, սակայն, ի զորու չեն բացահայտել ալերգիայի ծանրության աստիճանը: Երբեմն հիվանդներին խնդրում են մի փոքր տեսական ալերգեն ուտել բժիշկների հսկողությամբ, սակայն դա կարող է հանգեցնել ծանր բարդացումների:
Արյան նոր անալիզը շատ ավելի անվտանգ պրոցեդուրա է, իսկ ալերգիայի ծանրության աստիճանը բացահայտելու հավանականությունն այս դեպքում շատ ավելի բարձր է: Այն թույլ է տալիս հաշվել բազոֆիլներ կոչվող միատիպ իմունային բջիջների քանակը, որոնք ակտիվանում են որոշ մթերքների ազդեցության պայմաններում: Բազոֆիլների առկայության թեստ անցկացնելու համար շատ փոքր քանակությամբ արյան նմուշ է պետք, իսկ արդյունքներին երկար սպասել պետք չէ:






