Հայաստանում 2007-2014թթ. ընթացքում հայտնաբերվել և ախտորոշվել է աուտիզմի 882 առաջնակի դեպք /համապատասխանաբար` 73, 78, 80, 105, 118, 121, 150, 157/: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից՝ հղում անելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի կազմում գործող մանկական հոգեբուժական դիսպանսերի տվյալներին:

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Այսօր այն կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Հիվանդությունը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կտրուկ աճում է (ըստ միջազգային վիճակագրական տվյալների` հիվանդության դեպքերի հաճախականությունը ներկայումս կազմում է 125: 10000,  1999թ.` 6-7: 10000-ի դիմաց): Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ, ինչը կապված է նաև ախտորոշման բարելավման հետ: Իսկ անցյալ տարվանից ԱՄՆ-ում արդեն խոսում են աուտիզմի համաճարակի մասին:

Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում են 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն:

Աուտիզմով երեխայի կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ, մենք կարող ենք օգնել նրանց հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը՝ հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության ու կյանքի որակի բարձրացմանը: