Աուտիզմի` որպես հաշմանդամության բերող հիվանդության, բուժումը ներառված է պետական պատվերի մեջ` որպես անվճար մատուցվող բուժօգնության տեսակ: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են ՀՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:

Աուտիզմով տառապող երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության  կենտրոնի 7 մարզային մասնաճյուղերում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» եւ «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում: Վերջին տարիների կարևոր ձեռքբերումներից է  երեխաների զարգացման և վերականգնողական կենտրոնների ստեղծումը Երևանի Մալաթիա Սեբաստիա համայնքի թիվ 9 պոլիկլինիկայում եւ Կապանի բժշկական կենտրոնում, ինչը  նպաստում է այս խնդրով տառապող երեխաների բուժման տարածքային և ֆինանսական մատչելիությանը:

2012 թվականի մարտի 29-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N488–Ն որոշմամբ ստեղծվել  է «Աուտիզմ ազգային հիմնադրամ», որի գործունեության նպատակն է ցուցաբերել աջակցություն աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ նրանց բուժման, վերականգնման, կրթության եւ զբաղվածության, սոցիալա­կան ադապտացիայի համար: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը:

Հարկ է նշել, որ աուտիզմով երեխաները լիովին չեն ապաքինվում, եւ մինչև 25 տարեկանը հիվանդությունը զարգացում է ապրում` ի հայտ բերելով նորանոր ախտանիշներ:

ԱՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ աուտիզմը դուրս է եկել միայն առողջապահական խնդիր լինելու շրջանակներից, այն միջգերատեսչական է եւ իր հնարավոր լուծումը կարող է ստանալ կրթական, սոցիալական ոլորտների եւ հասարակության լայն շրջանակների համագործակցության պարագայում:

Հիշեցնենք, որ 2007 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած ՄԱԿ-ի 76-րդ լիագումար նիստին` Քաթարի պետության առաջարկով, որոշում ընդունվեց Աուտիզմի իրազեկման օրը նշելու մասին:  2008-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Աուտիզմի իրազեկման միջազգային օր: