Մանկական մի շարք բնածին հիվանդություններ կարելի է կանխարգելել ճիշտ ապրելակերպի եւ մի շարք այլ կանխարգելիչ գործողությունների միջոցով:  Արդյո՞ք աուտիզմը այդ հիվանդություններից մեկն է: Գոյություն ունի արդյո՞ք այն կանխարգելող միջոց:

Կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ աուտիզմին վերաբերվող շատ հարցերին գիտությունն առայժմ ի զորու չէ պատասխանել: Այդ հարցերից են հիվանդության ծագումնաբանությունը, զարգացման պատճառները: Իսկ քանի որ անհայտ է, ինչու է որոշ երեխաների մոտ աուտիզմ զարգանում, կանխարգելել այն այսօր հնարավոր չէ:

«Մենք առայժմ չգիտենք, ինչպես է առաջանում աուտիզմը եւ ինչպես բուժել այն: Ինչպե՞ս կարելի է կանխարգելել այն, ինչի պատճառները հայտնի չեն», - նշում է մասնագետը՝ հավելելով, որ աուտիզմով տառապող երեխա կարող է ծնվել ցանկացած մարդկանց մոտ եւ ոչ մեկ դրանից ապահովագրված չէ:

Աուտիզմը, մասնագետի խոսքով, սովորաբար ի հայտ է գալիս երեխաների մոտ մինչեւ երեք տարեկան դառնալը: Ընդ որում՝ տղաներն այդ հիվանդությամբ տառապում են շատ ավելի հաճախ, քան աղջիկները (1:4,5 հարաբերությամբ): Գոյություն ունի կարծիք, որի համաձայն՝ աուտիզմի պատճառները գենետիկական բնույթ ունեն: Մեկ այլ տեսության համաձայն՝ ինչքան մեծ է հայրը, այդքան ավելի հավանական է, որ նա կարող է աուտիզմով տառապող զավակ ունենալ: Սակայն այս տեսություններից եւ ոչ մեկը առայժմ ապացուցված չէ: Աուտիզմի հետ կապված գենետիկական մուտացիաներ դեռեւս ոչ մեկին չի հաջողվել բացահայտել, բացի այդ՝ աուտիզմով տառապող երեխաներ ծնվում են նաեւ երիտասարդ հայրերից, այդ պատճառով այս տեսությունը եւս ապացուցել հնարավոր չէ: