Աբորտներն այսօր բավանականչափ տարածված են Հայաստանում, եւ, որոշ մասնագետների խոսքով, աբորտը ընտանիքի պլանավորման առավել տարածված մեթոդներից մեկն է: Իսկ ինչպե՞ս է Հայ առաքելական եկեղեցին վերաբերվում աբորտներին առհասարակ եւ սեռով պայմանավորված աբորտներին մասնավորապես:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցերին՝ Հայ առաքելական եկեղեցու հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ եկեղեցին դեմ է հղիության արհեստական ընդհատմանը՝ անկախ դրա պատճառներից: Եկեղեցին ըմբռնումով կարող է մոտենալ աբորտներին միայն երկու դեպքում.

1Եթե հղիությունը չընդհատելը վտանգավոր է կնոջ առողջության համար

2. Եթե հղիությունը բռնաբարության արդյունք է

Երկրորդ պատճառը, մեր զրուցակցի խոսքով, այնքան էլ միանշանակ չէ եւ շատերի կողմից չի ընդունվում:

Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ եկեղեցու վերաբերմուքնը սելեկտիվ աբորտներին միանշանակ բացասական է: Եկեղեցու ներկայացուցիչների խոսքով՝ չի կարելի երեխայի սեռով պայմանավորված աբորտների ու առհասարակ աբորտների խնդիրը դիտարկել մարմինը սեփական հայեցողությամբ կառավարելու կնոջ իրավունքի լույսի ներքո: Շատ ավելի գերակա է մարդու կյանքի իրավունքը եւ այն փաստի ընկալումը, որ փողոցով քայլող մարդն ու մոր որովայնում ապրող պտուղը գոյության հավասար իրավունքներն ունեն: Շատ կարեւոր է հասկանալ նաեւ, որ եւ տղա երեխան, եւ աղջիկ երեխան առաջին հերթին մարդ են, նշեց եկեղեցականը:

«Սելեկտիվ աբորտներն անընդունելի են, եւ դա քննարկման եթակա չէ», - հավելեց Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

Նրա խոսքով՝ 2011 թվականից եկեղեցին զբաղվում է երկրում սելեկտիվ աբորտների խնդրով, համագործակցում է Առողջապահության նախարարության եւ հասարակական կազմակերպությունների հետ եւ անում է ամեն հնարավորը՝ մարդկանց հասկացնելու համար, որ երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը չարիք է, որը պետք է արմատախիլ անել: