Հայաստանում ծնվող տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը գնալով հավասարվում է։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նրա խոսքով՝ Գեղարքունիքի մարզում նախկինում 100 աղջկա դիմաց ծնվում էր 180 տղա, իսկ 2014 թվականին այդ հարաբերակցությունը նվազել է մինչեւ 100/124 ցուցանիշի: Եվ, չնայած նրան, որ բնության կողմից նախատեսված 100/106 ցուցանիշը դեռեւս հեռու է, տարբերությունն արդեն նկատելի է:
Ամբողջ երկրի կտրվածքով պատկերը նույնպես փոխվել է: Նախկինում 100 աղջկա դիմաց 114 տղա էր ծնվում, իսկ անցյալ տարի 113 տղա է ծնվել:
Գայանե Ավագյանի խոսքով՝ Հայաստանում ակտիվ աշխատանքներ են տարվում հասարակությունում կանանց եւ աղջիկների դերի մասին իրազեկելու նպատակով: Փորձ է արվում մասսայականացնել այն գաղափարը, որ, եթե ընտանիքն անպայման որդի է ուզում ունենալ, ավելի լավ է շատ երեխաներ լույս աշխարհ բերել, եւ նրանցից մեկն անպայման տղա կլինի: Սակայն սպանել աղջիկներին տղա ունենալու նպատակով, Գայանե Ավագյանի խոսքով, անընդունելի է:
World Vision հայկական գրասենյակի ղեկավար Ժիրայր Էդիլյանը նշեց, որ այսօր շատ մեծ ուշադրություն է դարձվում մարզերում ապրող երիտասարդ զույգերի հետ տարվող աշխատանքներին: Շատ հաճախ այդպիսի զույգերի որոշման վրա ազդում են նրանց ծնողները, որոնց հետ նույնպես աշխատանքներ են տարվում: Ժիրայր Էդիլյանը հույս հայտնեց, որ, շնորհիվ տարվող աշխատանքների, մարդկանց վերաբերմունքը սելեկտիվ աբորտների նկատմամբ հնարավոր կլինի փոխել, իսկ մոտ ապագայում այս խնդրի լուծման գործում որոշակի առաջընթաց հնարավոր կլինի նկատել:






