ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել շատ հազվադեպ անոմալիայով երեխա: Նորածնի մոտ առհասարակ բացակայում է քիթը, ինչը, սակայն, չի խանգարում նրան բերանով շնչել: Նշենք, որ այդ անոմալիան հանդիպում է 197 միլիոն երեխաներից միայն մեկի մոտ:
Փոքրիկի մայրը՝ Բրենդի Մաքգլեյտրին Ալաբամա նահանգից, նշում է, որ ծննդաբերությունը նորմալ է անցել եւ երբ երեխան ծնվել է (մարտի 4-ին) բժիշկները դրել են նրան մայրիկի որովայնի վրա: Այդ ժամանակ նա բարձրացրել է երեխային եւ տարօրինակ բան նկատել. երեխան քիթ չուներ: Բժիշկները տարել են երեխային եւ միանգամից բացատրել մայրիկին, ինչ արատով է ծնվել երեխան: Այդ արատը կոչվում է բնածին արինիա կամ քթի ագենեզիա:
Չնայած քթի բացակայությանը՝ փոքրիկը, որին Էլի են անվանել, ծնվելուց անմիջապես հետո սկսել է շնչել բերանով: Այնուհետեւ երեխան հայտնվել է Ալաբամայում գտնվող USA Children’s and Women’s Hospital-ում: Տեղի վիրաբույժները տրախեոտոմիա են իրականացրել, որպեսզի երեխան կարողանա լիարժեք շնչել: Այժմ փոքրիկը տանն է եւ իրեն լավ է զգում, սակայն մայրիկը միշտ փոքրիկի կողքին է, քանի որ լացն ու տագնապը կարող են երեխայի համար մահացու լինել:
Բնածին արինիայի առաջին դեպքն արձանագրվել է 1931 թվականին: Դրանից հետո պատմության մեջ ընդամենը 43 այդպիսի դեպք է արձանագրվել: Բրենդի Մաքգլեյտրին արդեն կապ է հաստատել այս արատն ունեցող երեխաների ծնողների հետ եւ պարզել, որ արինիայի պատճառով ապագայում փոքրիկ Էլիի մոտ կարող են շնչառության եւ կերակրելու հետ կապված խնդիրներ ի հայտ գալ:
Տղայի երկու ծնողներն էլ որոշեցին պլաստիկ վիրահատություն չանել մինչ այն պահը, երբ երեխան մեծանա եւ կարողանա ինքնուրույն որոշում կայացնել: Արինիայով երեխայի լույս աշխարհ գալուց հետո ծնողների բարեկամներն ու ընկերները համացանցում բարեգործական հիմնադրամ են ստեղծել, որն արդեն 5 հազար դոլար է հավաքել:






