Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանը բացվել է փետրվարի 27-ին, եւ այնտեղ արդեն երկու վիրահատություն են կատարել: Առաջինը տեղի է ունեցել մարտի 21-ին, երկրորդը՝ 27-ին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Քաջարանի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանը:

Հիշեցնենք, որ վիրահատարանը ժամանակավորապես փակվել էր այն բանից հետո, երբ 15 հոգի այնտեղ հեպատիտ C-ով էին վարակվել:  Առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացրած հետաքննությունից հետո միջոցներ էին ձեռնարկվել՝ կլինիկայում համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար:

Պատասխանելով այն հարցին, վախենում են արդյոք հիվանդները գալ վիրահատարան այդ դեպքից հետո, Վիրաբ Մանասյանն ասեց, որ վախենալու կարիք չկա եւ այժմ կլինիկան երկրի ամենաանվտանգ կլինիկաներից մեկն է, քանի որ կատարվածից հետո այն գտնվում է բազմաթիվ մասնագետների ուշադրության կենտրոնում:

Առողջապահության նախարարության մասնագետները, հիվանդանոցի տնօրենի տեղակալի խոսքով, շատ անգամ ստուգել են վիրահատարանն ու ամբողջ կլինիկան, ախտահանում  են իրականացրել, իսկ դրանից հետո երեք անգամ ջրի եւ օդի նմուշներ են վերցրել, ստուգել վիրաբուժական գործիքները եւ ոչ մի խախտում չեն արձանագրել, ինչն էլ հնարավորություն է տվել վերագործարկել վիրահատարանը:

Վիրաբ Մանասյանը նշեց նաեւ, որ այսօր կլինիկայում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապագայում վարակումների հնարավոր դեպքերը կանխարգելելու համար: Այժմ գործիքների եւ սենյակների նախամանրէազերծումը եւ ախտահարումն իրականացվում են այլ, ավելի կատարյալ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ Առողջապահության նախարարության ցուցումներին համապատասխան:

«Կլինիկայի սանիտարահիգիենիկ եւ սանիտարահամաճարակային վիճակն այժմ համապատասխանում է բոլոր նորմերին, եւ կլինիկան պատրաստ է հիվանդներ ընդունել», - ասաց տնօրենի տեղակալը: