Աուտիզմը ամենաառեղծվածային հիվանդություններից մեկն է, որի մասին դեռեւս այդքան էլ շատ բան հայտնի չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր հարց ու պատասխան աուտիզմի մասին:
1. Ճի՞շտ է, որ աուտիզմ ունեցող երեխաները բացառիկ տաղանդավոր են լինում
Կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ աուտիզմ ունեցող երեխաներից ոմանք իսկապես օժտված են տարօրինակ, երբեմն նույնիսկ անհավանական ունակություններով (մաթեմատիկա, նկարչություն եւ այլն), սակայն այդ ունակությունները ոչ բոլոր աուտիստներն ունեն, այլ մոտավորապես ամեն տասերորդը:
2 Ինչպե՞ս հասկանալ, որ երեխան աուտիզմ ունի
Աուտիզմը սովորաբար արտահայտվում է երեխայի կյանքի առաջին երեք տարում: Ծնողները կարող են նկատել, որ երեխան խուսափում է արտաքին աշխարհի հետ շփումից կամ իրականացնում կրկնվող ծիսական որեւէ գործողություն: Ամեն դեպքում, ախտորոշել աուտիզմ կարող է միայն մասնագետը, ծնողները կարող են միայն որոշակի ախտանշաններ կասկածել:
3. Ճի՞շտ է, որ աուտիզմ ունեցող երեխաները ոչ մեկի հետ չեն շփվում
Ամեն ինչ կախված է հիվանդության ծանրության աստիճանից: Միհրդատ Մադաթյանի խոսքով՝ աուտիզմ ունեցող երեխան սովորաբար կապվում է ընտանիքի անդամներից որեւէ մեկին, որին նա համարում է իր խնամակալը կամ շատ ժամանակ է անցկացնում նրա հետ: Որոշ աուտիստներ կապվում են ընտանի կենդանիներին՝ ընկալելով վերջիններիս որպես միջնորդ՝ արտաքին աշխարհի հետ շփման համար:
Այս առումով շատ հետաքրքիր է աուտիզմով տառապող նկարչուհի Իրիս Գրեյսի պատմությունը: Մեյն-կուն ցեղատեսակի կատուն օգնում էր նրան կապ պահպանել արտաքին աշխարհի հետ: Այդ կատվի շնորհիվ աղջիկը, որը նախկինում ոչ մեկի հետ չէր շփվում, սկսեց նույնիսկ որոշ բառեր արտասանել:






