ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ստորագրվեց սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման նոր հուշագիր։Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

«Այսօր կնքվող հուշագիրը թույլ կտա հիվանդներին ավելի օպերատիվ կերպով հասցնել կլինիկաներ եւ ավելի արագ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն»,-ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը` հավելելով, որ նախկինում բազմաթիվ հիվանդներ ֆինանսների բացակայության պատճառով չէին ստանում բժշկական նման ծառայություն։

Այնուհետեւ ՀՀ առողջապահության նախարարության եւ արդեն 10 բժշկական կենտրոնների միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների իրականացման մասին։

«Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոններից, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, Գյումրիի եւ Գորիսի բժշկական կենտրոններից բացի այսուհետեւ կյանք փրկող ծրագիրը կիրականացվի նաեւ «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում», «Արամյանց բժշկական կենտրոնում», «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնում» եւ «Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ»-ում։

Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբանի եւ ծրագրում ընդգրկված նոր կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ եւս մեկ անգամ քննարկել կազմակերպական հարցերը եւ առաջարկներն ամփոփել ծրագրի չափորոշիչներում: Քննարկվեցին նաեւ սրտաբանների վերապատրաստման, դեղերի, ստենտների ապահովման հարցերը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երեւանի 4 եւ մարզային 2 բժշկական կենտրոններում մեկնարկել էր սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սուր, ծանր ինֆարկտի դեպքում, երբ առկա է մեր բնակչությանն արդեն քաջածանոթ ST-էլեւացիա, անվճար` պետության կողմից երաշխավորված, տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ։ Եզակի այս ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որեւէ խմբում։