Երեք ամսվա ընթացքում կյանք փրկող ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 399 քաղաքացի։ Այս մասին այսօր, ապրիլի 3–ին,  ՀՀ առողջապահության նախարարությունում սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման նոր հուշագրի ստորագրման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Նրանցից 376-ը ստենտավորվել է, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։ Բոլոր դեպքերի հիվանդության պատմություններն ուսումնասիրվել են մասնագետների խմբի կողմից, որպեսզի վերլուծենք դրանք եւ վերագնահատենք մեր մոտեցումներն ու հստակեցնենք չափորոշիչները»,-ասաց նա:

«Մենք քաջ գիտակցում ենք, որ մարդիկ այս ծրագրում ընդգրկվում են մասնագետների օպերատիվ որոշումների արդյունքում եւ հնարավոր չէ նրանց հերթագրել։ Այս հանգամանքը պարտադրում է կրկնապատիկ ուժեղացնել հսկողությունը»,-նշեց նախարարը։

ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը եւ մոնիտորինգի խմբի ղեկավար Ալինա Օհանյանը ներկայացրեցին ծրագրի նկատմամբ իրականացված մոնիտորինգի արդյունքները։ Նշվեց, որ ծրագրի շրջանակում բուժօգնություն ստացած 399 քաղաքացու 57 տոկոսը երեւանաբնակ են, մյուսները`տարբեր մարզերից, 106-ը 70-ից բարձր տարիքի են։ Մանրամասն ուսումնասիրվել են հիվանդության բոլոր պատմությունները, ինչպես նաեւ կատարված հետազոտությունների արդյունքները։ Ցավոք, 13 դեպքում չի հաջողվել փրկել ծանր ինֆարկտ տարած մարդկանց կյանքը։ Նրանք հիմնականում 80-ն անց քաղաքացիներ են, որոնց մոտ ախտորոշվել է կարդիոգեն շոկ, բազմակի օրգանների ախտահարումներ։

Նշվեց, որ մշտադիտարկումները կշարունակվեն` բժշկական օգնության եւ սպասարկման որակի, ինչպես նաեւ ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երեւանի 4 եւ մարզային 2 բժշկական կենտրոններում մեկնարկել էր սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Եզակի այս ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր ընդգրկված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որեւէ խմբում։