Սեռական ճանապարհով փոխանցվող որ ինֆեկցիաներն են առավել տարածված այսօր Հայաստանում: Փոխվում է արդյո՞ք տարիների հետ այդ ինֆեկցիաների տարածվածությունը:
Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը պնդում է, որ այսօր Հայաստանում առավել տարածված են այսպես կոչված նոր սերնդի վարակները, որոնք բավականին կայուն են դեղորայքի նկատմամբ եւ դժվարությամբ են բուժվում: Առավել հաճախ հանդիպող ինֆեկցիաներից են խլամիդիոզը, միկոպլազմոզը եւ ուռեապլազմոզը:
Այս ինֆեկցիաների տարածվածության բարձր մակարդակը կարող է կապված լինել հենց այն հանգամանքի հետ, որ դրանք դժվարությամբ են բուժվում: Այդ ինֆեկցիաների կայուն տեսակները կարող են հանգիստ դիմանալ հակաբիոտիկների ազդեցությանը եւ փոխանցվել ուրիշին անպաշտպան սեռական ակտի ժամանակ: Բացի այդ՝ շատ հաճախ այս ինֆեկցիաները կարող են երկար ժամանակ ոչ մի կերպ չարտահայտվել, եւ մարդը կարող է գլխի չընկնել, որ հիվանդ է եւ չդիմել բժշկի:
Հատկանշական է, որ նախկինում, Սեւադա Հակոբյանի խոսքով, Հայաստանում առավել տարածված է եղել գարդներելլան, տրիխոմոնիազը եւ հոնոկոկները:
Հիշեցնենք, որ, ինչպես նշում են մասնագետները, սեռավարակներից պաշտպանվելու միակ միջոցը պահպանակն է, որը պետք է օգտագործել ցանկացած «կասկածելի» ակտի ժամանակ, ընդ որում՝ այն պետք է ճիշտ օգտագործել: Սեքսպաթոլոգները պատմում են, որ իրենց հիվանդներից շատերը պահպանակ են հագել սեռական ակտի վերջում կամ դրա ընթացքում եւ հետո էլ զարմացել՝ ինչպես կարող էին վարակվել:






