Հայ հասարակությունը դեռ նոր է սկսում սովորել ընդունել այն մարդկանց, որոնք որեւէ կերպ տարբերվում են մնացածներից, նշում է կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Դա, նրա խոսքով, վերաբերվում է ոչ միայն աուտիզմ ունեցող մարդկանց, այլ նաեւ այլ խնդիրներով տառապողներին:
Ցանկացած հասարակություն, հոգեբանի խոսքով, մերժում է բոլոր այն մարդկանց, ովքեր նման չեն մեծամասնությանը: Այդպիսին է ամբոխի մտածելակերպը ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի մնացած բոլոր երկրներում: Այս կարծրատիպերը փոխելու համար հասարակության հետ պետք է աշխատել, հասարակությանը պետք է բացատրել, որ մարդկանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան:
Հոգեբանի խոսքով՝ աուտիզմով տառապող մարդկանց մեր երկրում վերաբերվում են այնպես, ինչպես ցանկացած այլ խնդիր կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց: Շատերը շարունակում են անտեսել նրանց եւ նույնիսկ բացասաբար վերաբերվել նրանց, սակայն դրական որոշակի փոփոխություններ կան, եւ դա լավ է: Մասնավորապես, հասարակությունը ավելի շատ ուշադրություն է սկսել դարձնել հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին, պանդուսներ են կառուցվում խանութների եւ մի շարք կարեւոր շինությունների մուտքերի մոտ: Շուտով Երեւանում կգործարկվի սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված տրանսպորտ:
Դրական տեղաշարժերի մասին է խոսում նաևւ այն փաստը, որ Հայաստանում մի քանի ներառական դպրոցներ են գործում, որտեղ սահմանափակ կարողություններով երեխաները կարող են սովորել, շփվել այլ երեխաների հետ՝ օգտվելով նույն հնարավորություններից, ինչ առողջ աշակերտները: Շատ ծնողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, սակայն, այդ դպրոցներում դեռեւս խնդիրներ կան, քանի որ սահամանափակ կարողություններով մարդկանց համար դժվար է տեղաշարժվել դրանց տարածքով, սակայն այդպիսի դպրոցների առկայության փաստն ինքնին խոսում է այն մասին, որ եղած խնդիրներն աստիճանաբար լուծվում են:






