Պլաստիկ վիրաբույժի պրակտիկայում լինեւմ են դեպքեր, երբ բժիշկը հիվանդին ասում է «ոչ»: Եւ որոշ դեպքերում հաջողվում է համոզել նրան չկատարել վիրահատություն, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց պլաստիկ վիրաբույժ Կարեն Դանիելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե լինում են արդյոք կպչուն մտքերով հիվանդներ, եւ հաջողվել է երբեւէ ինչ-որ մեկին մտքափոխ անել:  Կարեն Դանիելյանի պրակտիկայում հիշվող դեպքերից մեկն այն է, երբ հիվանդը խնդրել է սպի տեղադրել իր դեմքին:

«Գալիս են բացարձակապես նորմալ քթով մարդիկ եւ խնդրում են  իրենց քիթը դարձնել ինչ-որ աստղի քթի նման: Անգամ ալցելուներից մեկը խնդրել է իր դեմքին սպի անել: Բժշկի ազնվությունն այս դեպքում հիվանդին «ոչ՛» ասելու մեջ է: Իսկ  թե հաջողվել է ինչ-որ մեկին համոզել, ասեմ, որ այո՛, հաջողվել է: Մենք  միշտ էլ համոզելու ենք մարդկանց  չանել պլատիկ վիրահատություն, եթե դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա:

Կարեն Դանիելյանը սեռափոխության վիրահատություն չի անում, բայց Հայաստանում կան բժիշկներ, ում դիմում են այդ հարցով: Եւ այսպիսի վիրահատությունները պետք է թույլատրված լինեն:

«Իհարկե, պետությունը պետք է թույլատրի նման վիրահատությունները: Իրականացվում են գենետիկ հորմոնալ թեստեր: Եթե կան ապացույցներ, եթե հիմնավորված է, որ մարդը պետք է սեռը փոխի, որ ինքը տղամարդ է ծնվել , բայց իրեն կին է զգում, ապա միանշանակ նման մարդուն  անհրաժեշտ է  նմանատիպ վիրահատությունը»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է պլաստիկ վիրաբուժության բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին, ապա, ըստ Կարեն Դանիելյանի, մեզ մոտ այս ոլորտը գտնվում է  բավականին բարձր մակարդակի վրա՝ Ռուսաստանի եւ Եվրոպայի այլ երկրների հետ լիովին համեմատելի։

«Այս ոլորտում առաջատարը ԱՄՆ-ն է: Ռուսաստանը , ինչպես եւ Հայաստանը հետեւում է համաշխարհային չափանիշներին: Հիմա Հայաստանում  պլաստիկ վիրաբուժությունը բավականին լավ վիճակում է»,- նշեց նա: