Չորս ամսվա ընթացքում Էբոլայի առաջին դեպքն է արձանագրվել Սիերա Լեոնեի հարավում՝ Կայլախունի շրջանում: Անցած տարի հենց այս շրջանում էր տեղի ունեցել Էբոլայի բռնկումը, սակայն վերջին 4 ամիսների ընթացքում այնտեղ հիվանդության ոչ մի նոր դեպք չէր արձանագրվել, թվում էր, որ համաճարակը հաղթահարված է:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Սիերա Լեոնեի՝ Լիբերիային սահմանակից այս տարածաշրջանում Էբոլայի նոր դեպքը հաստատվել էր 9 ամսական երեխայի մահից հետո: Այժմ, ինչպես հայտնում է ԱՀԿ ներկայացուցիչ Վիննի Ռոմերիլը, մի շարք փորձագետներ են ժամանել երկրի այդ շրջան՝ դեպքի հետաքննություն իրականացնելու համար: Դեռեւս պարզ չէ, ինչպես է վարակվել երեխան, քանի որ նրա ծնողները առողջ են: Հավանաբար, նա վարակվել է արյան փոխներարկման արդյունքում կամ էլ վիրուսի ախտորոշման թեստն է սխալ կիրառվել:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Կայլախունի շրջանում ամեն շաբաթ Էբոլայի մոտ 80 նոր դեպք էր գրանցվում, սակայն 2014 թվականի ավարտին համաճարակն այստեղ կարծես թե հաղթահարված էր թվում: Հարեւան շրջաններում՝ Կենեմայում եւ Կոնոյում, նոր դեպքեր էին արձանագրվում նաեւ վերջին ամիսների ընթացքում: Ընդհանուր առմամբ Սիերա Լեոնեում մահվան ելքով Էբոլայի 3800 դեպք է արձանագրվել:
Հիշեցնենք նաեւ, որ Էբոլան մահացու հիվանդություն է, որը տարածվում է հիվանդի արյան եւ կենսաբանական այլ նյութերի, ինչպես նաեւ հիվանդի անձնական իրերի հետ անմիջական կոնտակտի դեպքում: Էբոլայի դեմ այժմ պատվաստանյութեր չկան, սակայն որոշ երկրներ եւ դեղագործական ընկերություններ աշխատում են դրա ստեղծման ուղղությամբ:






