Կանանց համար նախատեսված ակցիայի շրջանակներում, որն անցկացվել էր Հայ–ամերիկյան բժշկական կենտրոնում մարտի 9-14-ը, 154 մամգորաֆիկ հետազոտություն է իրականացվել, որոնց արդյունքում կրծքագեղձի քաղցկեղի 14 դեպք է արձանագրվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այն կանայք, որոնց մոտ ախտորոշվել է հիվանդությունը, երբեք չեն մտածել, որ կարող են խնդիրներ ունենալ, պարզապես որոշել են կանխարգելիչ հետազոտություն անցնել՝ օգտվելով ակցիայի շրջանակներում նախատեսված զեղչերից: Այդ կանանց մոտ քաղցկեղը հիմնականում սկզբնական փուլում է, ուռուցքի չափսերը հիմնականում 3 մմ են կազմում: Վաղ ախտորոշումը, Խաչանուշ Հակոբյանի խոսքով, բարձրացնում է արդյունավետ բուժման հավանականությունը: Եթե այդ կանայք գային մեկ կամ երկու տարի անց, ուռուցքը շատ ավելի մեծ կլիներ եւ կարող էր մետաստազներ տալ, ինչը կդժվարացներ բուժումը:
Սակայն երկու կանանց մոտ քացկեղն արդեն հացրել էր զարգանալ: Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ այդ կանայք կասկածում էին, որ քաղցկեղ ունեն, սակայն այս կամ այն պատճառով չէին հետազոտվում:
Խաչանուշ Հակոբյանը նշեց նաեւ, որ նախկինում մտածում էր, որ մարդիկ չեն գալիս կանխարգելիչ հետազոտությունների, քանի որ վախենում են պարզել, որ հիվանդ են: Սակայն, աշխատելով առողջապահության ոլորտում, բանախոսը նկատել է, որ ակցիաների ու զեղչերի ժամանակ շատերը գալիս են հետազոտման, ինչը խոսում է այն մասին, որ կանխարգելիչ հետազոտությունն անտեսելու պատճառը ֆինանսական սուղ միջոցներն են:
Ակցիայի շրջանակներում նաեւ կրքծագեղձի 171 սոնոգրաֆիկ հետազոտություն է անցկացվել, վահանագեղձի 91 հետազոտություն, 172 թեստ, 177 կոմպլեքսային գինեկոլոգիական հետազոտություն, ուռոլոգի 29 կոնսուլտացիա եւ 29 տրանսռեկտալ հետազոտություն:
Ի սկզբանե ակցիան նախատեսվում էր ավարտել ապրիլի 7-ին, սակայն, Խաչանուշ Հակոբյանի խոսքով, այն կտեւի մինչեւ ապրիլի 11-ը ներառյալ, եւ այս չորս օրերի ընթացքում կանայք կօգտվեն մամոգրաֆիկ հետազոտության համար նախատեսված 30 տոկոսանոց զեղչից:






