Չինաստանում գրանցվել է թռչնի գրիպի նոր եւ մահացու H7N9 շտամով վարակման յոթ նոր դեպք, հունվարի 20- ին հաղորդել է Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը (ԱՀԿ): ԱՀԿ-ի տվյալներով, առնվազն 24 նոր դեպքը անցյալ շաբաթվա ընթացքում հաստատում են վիրուսի նոր ալիքը:
Յոթը նոր դեպքերը գրնացվել են Չինաստանի չորս շրջաններում: Հիվանդացածներից մեկը՝ 38-ամյա տղամարդը մահացել է հունվարի 9-ին: Մնացած վեցը լուրջ կամ սահմանային վիճակում գտնվում են հիվանդանոցում, տեղեկացնում է Fox News-ը։
Վարակվածներից ոմանք հաղորդել են տնային թռչունների հետ ունեցած շփման մասին: ԱՀԿ-ի փորձագետները հայտարարել են, որ վիրուսի աղբյուրը դեռեւս որոշված չէ:
Հիվանդացածներից ոմանք սերտ շփում են ունեցել վիրուսակիր մարդկանց հետ, բայց ԱՀԿ –ն պնդում է, որ ներկա պահին ոչ մի ապացույց չկա, որ վիրուսը կայուն կերպով փոխանցվում է մարդուց մարդուն:
Մինչդեռ կազմակերպությունում նախազգուշացրել են, որ առողջապահության հաստատությունները եւ բժիշկները պետք է մարտական պատրասվածության վիճակում գտնվեն, քանի որ վիրուսի ավելի լայնածավալ տարածման դեպքում այն կարող է ադապտացվել, եւ, վերջին հաշվով, սկսել փոխանցվել մարդուց մարդուն:






