Ի՞նչ է անհրաժեշտ հայ կնոջը երջանիկ լինելու եւ իրեն բավարարված զգալու համար: Այս հարցի շուրջ իրենց կարծիքով են կիսվել Հայ–ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը եւ հոգեբան Աննա Բադալյանը:

1. Ուշադրություն

Խաչանուշ Հակոբյանի կարծիքով՝ սխալ է ուշադիր լինել կանանց հանդեպ միայն այսպես կոչված «միամսյակի» շրջանակում. կինը ամեն օր ուշադրության կարիք ունի, եւ ցանկալի է, որ նրա ընտանիքի անդամները միշտ, այլ ոչ միայն տոն օրերին ցույց տան, թե որքան են սիրում եւ գնահատում նրան:

2. Լավ աշխատանք

Աշխատանքը եւ ինքնադրսեւորվելու հնարավորությունը նույնպես մեծ բավականություն է պատճառում կնոջը: Սիրված աշխատանքը, Խաչանուշ Հակոբյանի կարծիքով, օգնում է կնոջը մոռանալ բոլոր հոգսերի եւ խնդիրների մասին եւ իրեն օգտակար եւ գնահատված զգալ:

3. Առողջություն

Երջանիկ լինելու համար ցանկացած մարդու անհրաժեշտ է նաեւ առողջություն: Եթե մարդ չունի առողջություն, նա, Խաչանուշ Հակոբյանի խոսքով, չունի ոչինչ: Ընդ որում, կնոջ համար կարեւոր է ոչ միայն իր առողջությունը, այլեւ իր երեխաների եւ բարեկամների առողջությունը:

4. Հոգեկան ներդաշնակություն

Հոգեբան Աննա Բադալյանի խոսքով՝ ցանկացած կնոջ երջանիկ լինելու համար անհրաժեշտ է նաեւ հոգեպես ներդաշնակ լինել: Եթե կնոջ մոտ կա այդ հոգեկան ներդաշնակությունը, նա ցանկացած խնդիրների ավելի հանգիստ է վերաբերվում, ավելի ճիշտ է կողմնորոշվում դժվար իրավիճակներում, ավելի լավ է շփվում, ավելի հաճույքով է աշխատում եւ կյանքից ավելի մեծ բավականություն է ստանում: