Լաուրա Էվերլին (36 տարեկան) սկսել է կասկածել, որ քաղցկեղ ունի, երբ Ֆեյսբուքում թողած մի գրառում է  կարդացել քաղցկեղի ախտանշանների մասին: Վերջին երեք ամիսների ընթացքում նրան անհանգստացնում էր մեթեորիզմը, սակայն, քանի որ նա շուտվանից է տառապում էնդոմետրոզով եւ բորբոքված աղիքների սինդրոմով, նրան թվում էր, որ ինքնազգացողության վատթարացումը կապված է հենց այդ հիվանդության հետ:

Ֆեյսբուքյան գրառումներից մեկի միջոցով տեղեկանալով քաղցկեղի ախտանշանների մասին, նա դիմեց բժիշկներին: Պարզվեց, որ նա քաղցկեղի ագրեսիվ տեսակով է տառապում՝ կարցինոմայով, որն արդեն սկսել է տարածվել մարմնով:

«Այս ամենը շատ բարդ էր, եւ սկզբում ես չհասկացա, ինչ նկատի ունեն բժիշկները: Այնուհետեւ ես իմացա, որ ձվարանների քաղցկեղ ունեմ: Ես մենակ էի, երբ իմացա այդ մասին: Դա սարսափելի էր: Այնուհետեւ ես զանգահարեցի ամուսնուս՝ Մարկին, ամեն ինչ պատմեցի նրան հեռախոսով», - պատմեց Լաուրան:

Ամենադժվարը, Լաուրայի խոսքով, իր որդուն՝ Հարիին այդ մասին պատմելն էր: 5 տարեկան փոքրիկը, սակայն, այդպես էլ մինչեւ վերջ չհասկացավ, ինչ է ձվարանների քաղցկեղը:

Բժիշկները ստիպված եղան հեռացնել Լաուրայի ձվարաններն ու արգանդը, ինչից հետո նրան քիմիաթերապիա նշանակեցին: Այժմ բուժումն արդեն մոտենում է ավարտին, եւ մասնագետները հույս ունեն, որ կինը կկարողանա հաղթահարել հիվանդությունը:

Լաուրան հույս է հայտնում, որ իր պատմությունը կստիպի կանանց ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ, դիմել բժշկի խնդիրների ի հայտ գալու դեպքում: Ձվարանների քաղցկեղի ախտանշանները երբեմն շատ դժվար է տարբերել, դրանք հասարակ դաշտան են հիշեցնում կամ բորբոքված աղիքների սինդրոմ, այդ պատճառով է շատ կարեւոր ժամանակին ախտորոշել հիվանդությունը եւ բուժում սկսել:

«Կանայք պետք է իմանան, ինչպիսին են քաղցկեղի ախտանշանները, քանի որ հիվանդության վաղ ախտորոշումը բուժվելու լավ հնարավորություններ է ընձեռում: Հեշտ է, իհարկե, անտեսել ախտանիշները, սակայն ավելի լավ է այդպես չվարվել», - նշեց Լաուրան: